2016 թ․ դեկտեմբերի 30-ին Թուրքիայում Ուկրաինայի դեսպան Անդրեյ Սիբիգան Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության գլխավոր վարչության պետ Իսմայիլ Դեմիրի հետ ստորագրել են Ուկրաինայի զինուժին ռազմական օգնություն տրամադրելու արձանագրություն և ռազմական համագործակցության համաձայնագիր են ստորագրել։
Այս մասին հայտնում է Թուրքիայում Ուկրաինայի դեսպանատան կայքը։
Նշվում է, որ առաջիկա 5 տարվա ընթացքում Թուրքիան Ուկրաինային պետք է տրամադրի տարեկան 3 մլն ԱՄՆ դոլար։ Ուկրաինական կողմը գումարը պետք է օգտագործի թուրքական ռազմարդյունաբերական ընկերություններից ռազմական և երկակի նշանակության արտադրանքի ձեռքբերման համար։
Նշենք, որ Ուկրաինայի և Թուրքիայի ռազմական համագործակցությունը նոր երևույթ չէ։ Որպես օրինակ նշենք, որ դեռևս 1994 թ․ երկու երկրները ստորագրել են ռազմական կրթության, գիտատեխնիկական համագործակցության համաձայնագիր։ 1998 թ․ կնքել են, իսկ 2000-ից ուժի մեջ է մտել ռազմարդյունաբերության ոլորտում համագործակցության համաձայնագիրը։
2015 թ․ կողմերը համաձայնեցրել են թուրք-ուկրաինական ռազմարդյունաբերական կոորպորացիաները ավիատիեզերական, ավիացիոն և զրահապատ տեխնիկայի արտադրության ոլորտներում համագործակցության համատեղ ծրագիր։
Սակայն պետք է նշել, որ 2015 թ․ նոյեմբերից հետո ռուս-թուրքական հարաբերությունների վատթարացման շրջանում կողմերը բարձր մակարդակով հայտարարում էին մասնավորապես Սև ծովում համագործակցելու մտադրության մասին՝ ենթատեքստերով այն ուղղելով Ռուսաստանի դեմ։
2016 թ․ մայիսին կողմերի ռազմական համագործակցության խորացման մասին խոսել են Ուկրաինայի վարչապետ Վլադիմիր Գրոյսմանը և Թուրքիայի ՊՆ Իսմեթ Յըլմազը։ Իսկ արդեն հոկտեմբերին Ուկրաինա է այցելել Թուրքիայի ՊԱԳՎ պետ Դեմիրը։ Կողմերը քննարկել են զրահապատ մեքենաների և անօդաչու թռչող սարքերի արտադրության ոորտում համագործակցելու հետ կապված հարցեր։
Pingback: Ռազմաշաբաթ. Տարածաշրջան. 8 – 14 հունվարի, 2017 | Ռազմ.info