Հունվարի 11-ին Թուրքիայի պաշտպանության նախարար Ֆիքրի Ըշըքը հայտարարել է, որ Իրաքի հյուսիսային «Բեշիքա» ռազմաճամբարում Թուրքիայի ԶՈւ ստորաբաժանումների մնալը անհրաժեշտություն է, այլ ոչ թե կամայականություն: Փոխանցում է թուրքական պետական «Անադոլու» գործակալությունը:
Նա նաև հայտնել է, որ ահաբեկչական խմբավորումներից տարածաշրջանի ազատագրումից հետո, թուրքական կողմը Իրաքի հետ նորից կքննարկեն «Բեշիքա» ճամբարում Թուրքիայի ԶՈւ ստորաբաժանումների հարցը և խաղաղ լուծում կգնտեն հարցի համար.
«Տարածաշրջանի ազատագրումը «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումից, Մոսուլում անվտանգության վերականգնումը Թուրքիայի համար կարևոր են այնքան, որքան Իրաքի համար»,-ասել է Ֆիքրի Ըշըքը:
Նույն օրը, սակայն, Թուրքիայում Իրաքի դեսպան հայտարարել է, որ Մոսուլի ազատագրման գործողության ավարտից հետո, Թուրքիայի ԶՈւ ստորաբաժանումները դուրս են բերվելու Իրաքից: Հայտնում է «Հյուրիեթ Դեյլի Նյուզ» կայքը:
Բացի այդ, արաբական «Ալ-Ջազիրա» հեռուստաալիքի կայքի համաձայն, Իրաքի վարչապետ Հայդար ալ-Աբադին հայտարարել է, որ Թուրքիայի և Իրաքի հարաբերություններում առաջընթաց չի լինի, առանց «Բեշիքա» ռազմաճամբարից թուրքական զորքերի դուրսբերման:
Հիշեցնենք, որ հունվարի 7-ին Իրաքի վարչապետը Թուրքիայի պաշտոնակցի հետ հանդիպումից հետո մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ Թուրքիան և Իրաքը համաձայնություն են ձեռք բերել Մոսուլ քաղաքի մոտ տեղակայված «Բեշիքա» ռազմական ճամբարից Թուրքիայի ԶՈւ ստորաբաժանումների դուրս բերման մասին Իրաքի պահանջի վերաբերյալ:
Սակայն վերոնշալ հայտարարություններից պարզ է դառնում, որ կողմերը դեռևս որևէ համաձայնության չեն հասել Իրաքի հյուսիսից Թուրքիայի ԶՈւ ստորաբաժանումների դուրս բերման կամ մնալու հարցում:
Դեռևս 2015-ի դեկտեմբերի 4-ին Թուրքիան շուրջ 150-հոգանոց գումարտակ է մտցրել Իրաքի հյուսիս՝ Բեշիքա բնակավայր, առանց Բաղդադի կարծիքը հարցնելու: Իրաքի իշխանությունները բազմիցս պահանջել են Իրաքի տարածքից դուրս բերել թուրքական զորքերը: 2016-ի նոյեմբերի 1-ին Իրաքի վարչապետը հայտարարել է, որ Իրաքը չի ցանկանում պատերազմել Թուրքիայի հետ, բայց եթե առճակատում լինի, Իրաքը պատրաստ է դրան: Բայց Թուրքիայի զինուժը շարունակում է մնալ Իրաքում: Իսկ վերջին շրջանում Իրաքի իշխանությունները այլևս չեն բարձրացնում այս հարցը:
Դրանից բացի, հոկտեմբերի 17-ին Իրաքում Մոսուլի ազատագրման գործողության մեկնարկից հետո Թուրքիան մի քանի անգամ հայտարարել է, որ իր բանակը նույնպես մասնակցում է գործողությանը՝ հարվածներ հասցնելով «Իսլամական պետության» դիրքերին: Հոկտեմբերի 23-ին Թուրքիայի վարչապետը հայտարարել է, որ Իրաքյան Քրդստանի խնդրանքով Բեշիքայի թուրքական զորախումբն իր զինտեխնիկայով աջակցում է Բեշիքան ԻՊ զինյալներից մաքրելու գործողությանը։ Թուրքիայի վարչապետի փոխանցմամբ՝ անհրաժեշտության դեպքում Թուրքիայի օդուժը կմասնակցի նաև բուն Մոսուլի ազատագրմանը, և այդ հարցը արդեն համաձայնեցվել է կողմերի հետ։ Սակայն հաջորդ օրը Իրաքի բանակի հրամանատարությունը հերքել է Թուրքիայի զինուժի որևէ տեսակի մասնակցությունը Մոսուլի ազատագրմանը։