Ռազմաշաբաթ. Տարածաշրջան. 5 – 11 փետրվարի, 2017

Ռազմինֆոն ամփոփել է 2017թ․ հունվարի Ադրբեջանի ԶՈւ հայտնի կորուստները • Ալիևն ազգային հերոսի կոչում է շնորհել Չինարիում սպանված դիվերսանտին • Ադրբեջանի բանակը երկու զինծառայող է կորցրել • Ադրբեջանի ԶՈւ կմասնակցի «Աման-2017» զորավարժությանը • Վրաստանում վթարվել է ԶՈւ զինծառայողներին տեղափոխող մեքենա • Սիրիայում ՌԴ ՌՕՈւ-ն պատահաբար հարվածել է թուրքական զինուժին. կան սպանվածներ • Սիրիայում սպանվել է Թուրքիայի ԶՈւ 2 զինծառայող • Թուրքիան ԱՄՆ-ից կրկին պահանջել է դադարեցնել աջակցությունը քրդերին • ԱՄՆ ԿՀՎ տնօրենը Թուրքիայում քննարկել է Սիրիայում ԻՊ դեմ պայքարը • Թուրքիայի ԶՈւ ԳՇ պետն այցելել է Սիրիայի սահմանի մոտ տեղակայված ստորաբաժանումներ • Թուրքիայի ժանդարմերիայից հեռացվել է մոտ 900 զինծառայող • Իրանը կրկին հրթիռ է փորձարկել • Պարսից ծոցում ԱՄՆ ուժերը բերվել են մարտական պատրաստության ամենաբարձր աստիճանի • Իրանը տեղական արտադրության օվկիանոսային հետազոտական նավ է շահագործման հանձնել • Իրանը տեղական արտադրության 5 տեսակի նոր զենք է ներկայացրել • ԻՀՊԿ զորավարժությանը տեղական արտադրության զինատեսակներ են ներառվել • Իրանը, Թուրքիան և Ռուսաստանը Աստանայում բանակցում են Սիրիայում հրադադար հաստատելու շուրջ • Իսրայելը հարվածել է Սիրիայի կառավարական բանակի դիրքերին • Սիրիայում բախումներ են գրանցվել պրոթուրքական զինյալների և Սիրիայի բանակի միջև • Սիրիան պատրաստվում է Պալմիրայի երկրորդ ազատագրմանը • Սիրիայի բանակը ևս մոտենում է Ալ-Բաբ քաղաքին • ՌԴ ԶՈւ «Ադմիրալ Կուզնեցով» ավիակիրը վերադառնալու է կայանման վայր • Ռուսաստանի ՊՆ-ում ամփոփել են իրադրությունը Սիրիայում

«Միսաղ-3» շարժական զենիթահրթիռային համալիր • Թուրքիան երկարաձգել է Ադենի ծովածոցում Թուրքիայի ԶՈւ զորամիավորում տեղակայելու ժամկետը •Իրանական «Պարսից ծոց» հետազոտական նավը • Թուրքիայի աջակցությամբ գործող զինյալները՝ Սիրիայի Ալ-Բաբ քաղաքում. 02/10/2017 թ.

«Միսաղ-3» շարժական զենիթահրթիռային համալիր • Թուրքիան երկարաձգել է Ադենի ծովածոցում Թուրքիայի ԶՈւ զորամիավորում տեղակայելու ժամկետը •Իրանական «Պարսից ծոց» հետազոտական նավը • Թուրքիայի աջակցությամբ գործող զինյալները՝ Սիրիայի Ալ-Բաբ քաղաքում. 02/10/2017 թ.

Ադրբեջան / Վրաստան

• Razm.info մասնագիտացված կայքը բաց աղբյուրների մշտադիտարկման արդյունքում ամփոփել է 2017թ. հունվարին Ադրբեջանի պաշտպանական և անվտանգության համակարգերում հայտնի կորուստները՝ արձանագրելով մահվան 5 դեպք, որոնցից մեկի՝ զինծառայող լինելու մասին տվյալները դեռ ճշտվում են:

• Փետրվարի 7-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հրամանով 2016 թ. դեկտեմբերի 29-ին հայկական դիրքերի ուղղությամբ դիվերսիոն ներթափանցման ընթացքում սպանված Ադրբեջանի ԶՈւ զինծառայող Չինգիզ Գուրբանովին շնորհվել է «ազգային հերոսի» կոչում:

Ադրբեջանի ԶՈւ սպանված զինծառայող Գուրբանով Չինգիզ Սալման օղլուն (Qurbanov Çingiz Salman oğlu)

Ադրբեջանի ԶՈւ սպանված զինծառայող Գուրբանով Չինգիզ Սալման օղլուն (Qurbanov Çingiz Salman oğlu)

• Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը փետրվարի 10-ին հայտնել է, որ փետրվարի 9-ին Մռավի լեռներում ադրբեջանական զինուժի մարտական հենակետերից մեկում «ձնահոսքի պատճառով» մահացել է Ադրբեջանի ԶՈւ զինծառայող Ռյուսթեմով Ուլվի Ահմադ օղլուն (Rüstəmov Ülvi Əhməd oğlu)»:

• Փետրվարի 11-ի երեկոյան Արցախի շփման գծում սպանվել է Ադրբեջանի զինված ուժերի պայմանագրային զինծառայող, կրտսեր սերժանտ Գաֆարով Ֆուադ Ֆարհադ օղլուն (Qafarov Fuad Fərhad oğlu): Համաձայն հաղորդագրության՝ զինծառայողը սպանվել է «հայկական կողմի հետ հրաձգության ժամանակ»:

• Ադրբեջանի ռազմածովային ուժերը փետրվարի 10-ից 14-ը դիտորդի կարգավիճակով կմասնակցեն Արաբական ծովի հյուսիսում անցկացվող «Աման-2017» («Խաղաղություն-2017») միջազգային զորավարժությանը, որը կազմակերպել է Պակիստանի ՌԾՈւ հրամանատարությունը:

• Վրաստանի արևմտյան Սիմոնեթի գյուղում վթարվել է Վրաստանի ԶՈւ 2-րդ հետևակային բրիգադի զինծառայողներին տեղափոխող ավտոմեքենա: Մեքենան բախվել է ծառին, ինչի հետևանքով վիրավորվել է ԶՈւ 6 զինծառայող: 

 

Թուրքիա

• Փետրվարի 9-ին Թուրքիայի ԶՈւ գլխավոր շտաբից հայտնել են, որ նույն օրը Սիրիայում ռուսաստանյան զինուժը «Իսլամական պետությանը» հարվածելու փոխարեն ավիահարվածով ոչնչացրել է Թուրքիայի ԶՈւ զինծառայողների թաքստարան. նախնական տվյալներով սպանվել է Թուրքիայի ԶՈւ 3 զինծառայող, վիրավորվել՝ 11-ը: Իսկ փետրվարի 10-ին ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, ՌԴ օդուժը սխալմամբ թուրքական դիրքերին հարվածել է հենց Թուրքիայի տրամադրած կոոդրինատներով:

• Փետրվարի 8-ին Սիրիայի հյուսիսային Ալ-Բաբ բնակավայրի մոտակայքում Թուրքիայի զինուժի և «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալների բախումներում սպանվել է Թուրքիայի ԶՈւ 2 զինծառայող, ևս 15 զինծառայող վիրավորվել է:

• ԱՄՆ-ն նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի հետ զրույցում Թուրքիայի ղեկավար Ռեջեփ Թայիփ Էրդողանը պահանջել է դադարեցնել աջակցությունը Սիրիայի քրդերի «Ժողովրդական ինքապաշտպանության ջոկատներին» (YPG) և «Ժողովրդավարական միություն» կուսակցությանը (PYD):

• Փետրվարի 9-ին ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչության (ԿՀՎ) նորանշանակ տնօրեն Մայքլ Պոմպեոն առաջին արտասահմանյան այցը կատարել է Թուրքիա, հանդիպել է այդ երկրի նախագահին և ազգային հետախուզական կազմակերպության գլխավոր քարտուղարին:

• Թուրքիայում ռազմական հեղաշրջման փորձից հետո հաստատված արտակարգ դրության պայմաններում երկրի ղեկավարությունը ընդունել է ևս մեկ հրամանագիր, որի համաձայն երկրի տարբեր գերատեսչական կառույցներից հեռացվել է  4646 մարդ: Հրամանագիրը հրապարկվել է փետրվարի 7-ին Թուրքիայի պաշտոնական տեղեկատուում:

•  Փետրվարի 9-ին Թուրքիայի խորհրդարանը որոշել է 2017-ի փետրվարի 10-ից ևս մեկ տարով երկարաձգել Ադենի ծովածոցում Թուրքիայի ԶՈւ ռազմածովային ուժերի զորամիավորման տեղակայման ժամկետը:

• Փետրվարի 5-ին Թուրքիայի ԶՈւ գլխավոր շտաբի պետ, բանակի գեներալ Հուլուսի Աքարն այցելել է երկրի հարավային՝ Սիրիային սահմանակից Գազինաթեփ և Քիլիս նահանգներ, ստուգումներ է իրականացրել ԶՈւ ստորաբաժանումներում:

Թուրքիայի ԶՈւ հրամանատարությունը այցելել է Սիրիայի սահմանակից նահանգների ստորաբաժանումներ:

Թուրքիայի ԶՈւ հրամանատարությունը այցելել է Սիրիայի սահմանակից նահանգների ստորաբաժանումներ:

 

Իրան

• Փետրվարի 8-ին Իրանը Սեմնան քաղաքի մոտակաքում փորձարկել է փոքր հեռահարության «ցամաք-օդ» դասի «Մերսադ» հրթիռը։ Հրթիռն ընկել է մեկնարկային հարթակից 56 կմ հեռավորության վրա։

• Իրանի հետ հարաբերությունների լարվածության աճով պայմանավորված՝ ԱՄՆ ուժերը Պարսից ծոցում բերվել են պատրաստության ամենաբարձր աստիճանի։ Բացառություն են կազմում միայն այն ռազմանավերը, որոնք վերանորոգվում կամ արդիականացվում են , կամ որոնցում անձնակազմային փոփոխություններ են։

• Իրանի հարավային նավահանգստային քաղաք Բանդար Աբասում ջուրն է իջեցվել տեղական արտադրության առաջին  հետազոտական «Պարսից ծոց» նավը։ Նավի կառուցման համար ծախսվել է 8,3 մլն դոլար։

• Փետրվարի 6-ին Իրանի պաշտպանության նախարարությունը ներկայացրել է տեղական արտադրության 5 տեսակի նոր զենք, այդ թվում՝ «Ֆաջր-5» կառավարվող հրթիռը, 40մմ նռնականետ, «Միսաղ-3» շարժական զենիթահրթիռային համալիրը, 5,56×45 տրամաչափի «Մասաֆ» ավտոմատը և ատրճանակ։

Իրանական արտադրության 40 մմ տրամաչափով նռնականետ

Իրանական արտադրության 40 մմ տրամաչափով նռնականետ

• Փետրվարի 4-ին Իրանի հյուսիսարևելյան Սեմնան նահանգում Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) օդատիեզերական ուժերը սկսել են «Վելայեթի երկնքի պաշտպաններ» զորավարժությունը:

 

Սիրիա

• Փետրվարի 6-ին Սիրիայում հրադադար հաստատելու շուրջ Թուրքիայի, Իրանի և Ռուսաստանի կողմից ստեղծված համատեղ հանձնաժողովի՝ Աստանայում մեկնարկած առաջին նիստի ժամանակ կողմերը հիմնական քայլերը համաձայնեցրել են, սակայն անհամաձայնություններ ևս կան:

• Փետրվարի 9-ին Իսրայելի ԶՈւ ռազմաօդային ուժերի ուղղաթիռը հարվածել է Սիրիայի կառավարական բանակի՝ հարավարևմտյան Ալ-Կունեյտրա նահանգում տեղակայված դիրքերին:

• Փետրվարի 9-10-ին Թուրքիայի աջակցությամբ գործող «Սիրիայի ազատ բանակ» խմբավորման զինյալները Ալ-Բաբ քաղաքից հարավ ընկած տարածքներում հարձակվել են սիրիական բանակի դիրքերի վրա: Զուգահեռաբար զինյալները և թուրքական զինուժը արագացրել են գործողությունները՝ Սիրիայի Ալ-Բաբ քաղաքը «Իսլամական պետությունից» գրավելու համար: Պատճառն այն է, որ Սիրիայի կառավարական ուժերը հաջողություն են գրանցել ԻՊ դեմ Սիրայի հյուսիսային Ալ-Բաբ քաղաքի մոտ ընթացող ռազմական գործողություններում՝ գրավելով ճանապարհը, որը Ալ-Բաբը միացնում է ԻՊ հսկողության տակ գտնվող Ռաքքա քաղաքին և Դեր Զոր նահանգին:

Թուրքիայի աջակցությամբ գործող զինյալները՝ Ալ-Բաբ քաղաքից հարավ

Թուրքիայի աջակցությամբ գործող զինյալները՝ Ալ-Բաբ քաղաքից հարավ

• Սիրիայի իշխանությունները հատուկ նշանակության ստորաբաժանումների ներգրավմամբ մեկնարկում են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման վերահսկողության տակ գտնվող Պալմիրայի ազատագրմանը: Սիրիական ուժերը կարողացել են ամբողջական վերահսկողություն հաստատել Պալմիրային մոտ տեղակայված «Տ-4» ավիաբազայի վրա և պատրաստվում են առաջ շարժվել: Սակայն փոփոխական հաջողություններով շարունակվում են բախումները կառավարական ուժերի և ԻՊ զինյալների միջև: ԻՊ զինյալները Սիրիայի Հոմս նահանգի Պալմիրա քաղաքից հյուսիս-արևմուտքում՝ Խայան հանքի մոտակայքում մի քանի տեղից պայթեցրել են գազատարը: Պայթյունների հետևանքով ուժեղ հրդեհ է բռնկվել հանքի տարածքում և մոտակա վայրերում:

• Փետրվարի 9-ին Ռուսաստանի ԶՈւ Հյուսիսային նավատորմի «Ադմիրալ Կուզնեցով» ավիակիր հածանավը ՌԴ ռազմածովային ուժերի նավերի խմբի կազմում Սիրիայում մարտական գործողություններին մասնակցելուց հետո կվերադառնա նավատորմի հիմնական կայանման վայր:

ՌԴ ՌԾՈւ Ադմիրալ Կուզնեցով հածանավը

ՌԴ ՌԾՈւ Ադմիրալ Կուզնեցով ավիակիր հածանավը

• ՌԴ ԶՈւ ԳՇ գլխավոր օպերատիվ վարչության պետը հայտարարել է, որ դեկտեմբերի 30-ից Թուրքիան, Ռուսաստանը և Իրանը գերթե ամբողջությամբ համաձայնեցրել են Սիրիայում հրադադարի պահպանման համատեղ մեխանիզմները: Աստանայում հաջորդ հանդիպման ընթացքում նախատեսվում է ստորագրել փաստաթուղթը:

Տարածաշրջանի նախորդ ռազմաշաբաթն այստեղ։

Հայաստանի ընթացիկ ռազմաշաբաթն այստեղ։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *