Սիրիայում սպանվել է Թուրքիայի ԶՈւ 2 զինծառայող, ևս 15-ը վիրավորվել է

Այսօր՝ փետրվարի 8-ին, Սիրիայի հյուսիսային Ալ-Բաբ բնակավայրի մոտակայքում Թուրքիայի զինուժի և «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալների բախումներում սպանվել է Թուրքիայի ԶՈւ 2 զինծառայող, ևս 15 զինծառայող վիրավորվել է:  Այս մասին հայտնում է թուրքական պետական «Անադոլու» գործակալությունը:

Միևնույն ժամանակ Թուրքիայի զինուժի և նրանց աջակցող, հիմնականում Սիրիայի թուրքմեններից կազմված «Սիրիայի ազատ բանակ» խմբավորմանը փետրվարի 7-ի երեկոյան ընթացող մարտերում հաջողվել է ԻՊ զինյալներից գրավել Ալ-Բաբի մոտ մի քանի «ռազմավարական նշանակություն ունեցող բարձրունք» գրավել:

Բացի այդ, Թուրքիայի օդուժը ևս շարունակում է հարվածել ԻՊ զինյալներին: Աղբյուրի փոխանցմամբ՝ օդուժը հարվածել է ԻՊ 254 թիրախի, «շարքից հանվել է» ԻՊ 58 զինյալ:

Հիշեցնենք, որ 2016-ի օգոստոսի 24-ին ներխուժելով Սիրիայի ցամաքային տարածք՝ Թուրքիան ռազմական գործողություններ է իրականացնում «Իսլամական պետության», ինչպես նաև քրդական ուժերի դեմ:

Բուն գործողությունները ցույց են տալիս, որ Թուրքիան կյանքի է կոչում Սիրիայում «անվտանգության գոտի» ստեղծելու նպատակները, ինչի հիմքում Սիրիայի տարածքում քրդերի հսկողության տակ գտնվող երկու տարածքների միավորումը բացառելն է:

Թուրքիայի զինուժը Սիրիայի Ալ-Բաբ քաղաքի մոտակայքում։

Թուրքիայի զինուժը Սիրիայի Ալ-Բաբ քաղաքի մոտակայքում։

Արդեն մի քանի ամիս է, ինչ Թուրքիայի զինուժը փորձում է գրավել Ալ-Բաբ քաղաքը, որը գտնվում է Հալեպից մոտ 40 կմ հեռավարության վրա և Սիրիայի հյուսիսում կոմունիկացիաներ վերահսկելու տեսանկյունից շատ կարևոր է:  Թուրքիայի համար այն հատկապես կարևոր է, քանի որ փակում է ճանապարհը Սիրիայի հյուսիսում քրդական երկու ինքնավար շրջանների՝ Քոբանիի և Աֆրինի միջև:

Բացի Թուրքիայի զինուժից Ալ-Բաբի ուղղությամբ է շարժվում նաև Սիրիայի կառավարական բանակը: Փետրվարի 7-ին  կառավարական զորքերը գրավել են ճանապարհը, որը Ալ-Բաբը միացնում է ԻՊ հսկողության տակ գտնվող Ռաքքա քաղաքին և Դեր Զոր նահանգին՝ այդպիսով կտրելով ԻՊ-ին այդ տարածքներից եկող մատակարարումից և աջակցությունից:

One response to “Սիրիայում սպանվել է Թուրքիայի ԶՈւ 2 զինծառայող, ևս 15-ը վիրավորվել է

  1. Pingback: Սիրիայում փետրվարի 8-ին Թուրքիայի ԶՈւ-ն կորցրել է ընդհանուր 5 զինծառայող | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *