Թշնամու կրակոցներից զոհվել է ՊԲ 2 զինծառայող • Ռազմինֆոն ամփոփել է հայկական զինուժի կորուստները 2017-ի հունվարին • Շաբաթվա ընթացքում հակառակորդն Արցախի ուղղությամբ կիրառել է հրետանի • Հայաստանն Ադրբեջանին է հանձնել Տավուշում սպանված ադրբեջանցի զինծառայողի դին • ՀՀ նախագահը հաստատել է ռազմարդյունաբերական և ռազմատեխնիկական քաղաքականության ռազմավարությունը • Դավիթ Տոնոյանը նշանակվել է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար • Վիգեն Սարգսյանը ընդունել է ՀՀ-ում Գերմանիայի դեսպանին • Լիբանանում ՀՀ դեսպանը հանդիպել է այդ երկրի ՊՆ ղեկավարին • ԵԱՀԿ դիտարկում Արցախի Հադրութի ուղղությամբ • 102-րդ ռազմաբազայի ստորաբաժանումները վարժանքներ են անում
• Փետրվարի 6-ին ՊԲ հյուսիսարևելյան զորամասերից մեկի պահպանության տեղամասում թշնամու կրակոցից զոհվել է զինծառայող Գոռ Գարեգինյանը:
Փետրվարի 8-ին ՊԲ հյուսիսային զորամասերից մեկի պահպանության տեղամասում թշնամու կրակոցից զոհվել է զինծառայող Գեղամ Մանուկյանը: Նույն օրը շփման գծի մեկ այլ (Մարտակերտ) ուղղությամբ թշնամու կրակոցից ծանր վիրավորվել է ՊԲ զինծառայող Կորյուն Կիրակոսյանը:
• 2017-ի հունվարի 1-ից 31-ը հայկական զինված ուժերում (ներառյալ Պաշտպանության բանակում) հայտարարվել է մահվան 6 դեպքի մասին։ Կորուստներից երեքը մարտական են, երեքը՝ ոչ մարտական են:
• Փետրվարի 7-ին ԵԱՀԿ առաքելությունը հայ-ադրբեջանական զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում է անցկացրել Հադրութի շրջանի ուղղությամբ՝ Հորադիզից դեպի հյուսիս։ Ադրբեջանական կողմը դիտորդներից առաջնագիծ դուրս չի բերել։
Նույն օրն ավելի ուշ ադրբեջանական բանակն Արցախի հայկական դիրքերի ուղղությամբ կրակել է Դ-44 տիպի հրանոթներով և տարբեր տրամաչափի ականանետներով։ Ադրբեջանի զինուժի ակտիվությունը ճնշելու նպատակով Պաշտպանության բանակը դիմել է պատասխան գործողությունների: Փետրվարի 9-ին և 10-ին հակառակորդը կիրառել է նաև ականանետներ։
• Փետրվարի 5-ին հայ-ադրբեջանական սահմանագոտու Իջևան-Ղազախ հատվածում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ կազմակերպված հանդիպման ժամանակ հայկական կողմը Ադրբեջանի զինված ուժերի ներկայացուցիչներին է հանձնվել ադրբեջանցի զինծառայող Չինգիզ Սալմանի Գուրբանովի դին, որը հայկական կողմում էր մնացել դեկտեմբերին հայկական դիրքերի ուղղությամբ ադրբեջանական զինուժի դիվերսիայից հետո:
• Հունվարի 31-ով թվագրվող կարգադրությամբ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հաստատել է Հայաստանի Ռազմարդյունաբերական և ռազմատեխնիկական քաղաքականության ռազմավարությունը: Փաստաթղթի երկրորդ կետով կառավարությանը հանձնարարվում է կարգադրությունն ուժի մեջ մտնելուց հետո եռամսյա ժամկետում մշակել և հաստատել ռազմավարությունից բխող միջոցառումների ծրագիրը:
• Փետրվարի 6-ին, ՀՀ նախագահի հրամանագրերով Դավիթ Տոնոյանն ազատվել է ՀՀ ՊՆ 1-ին տեղակալի պաշտոնից և նշանակվել է Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարար:
• Փետրվարի 9-ին ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն ընդունել է Հայաստանում Գերմանիայի դեսպան Մաթիաս Քիսլերին և քննարկել հայ-գերմանական երկկողմ պաշտպանական համագործակցության հարցեր:
• Փետրվարի 10-ին Լիբանանում ՀՀ դեսպան Սամվել Մկրտչյանը հանդիպել է Լիբանանի պաշտպանության նախարար Յակուբ Սարաֆի հետ: Քննարկվել է Հայաստանի և Լիբանանի միջև Ռազմական համագործակցության վերաբերյալ համաձայնագրի նախագծի համաձայնեցման ընթացքը:
• Գյումրիում տեղակայված Ռուսաստանի ԶՈւ հարավային ռազմական շրջանի 102-րդ ռազմաբազայի նռնականետորդները և տանկային ստորաբաժանումները վարժանքներ են անցկացնում Հայաստանի զորավարժարաններում։
Հայաստանի նախորդ ռազմաշաբաթն այստեղ։
Տարածաշրջանի ընթացիկ ռազմաշաբաթն այստեղ։