ԱՄՆ ԿՀՎ տնօրենը Թուրքիայում քննարկել է Սիրիայում ԻՊ դեմ պայքարը

Փետրվարի 9-ին ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչության (ԿՀՎ) նորանշանակ տնօրեն Մայքլ Պոմպեոն առաջին արտասահմանյան այցը կատարել է Թուրքիա, հանդիպել է այդ երկրի նախագահին և ազգային հետախուզական կազմակերպության գլխավոր քարտուղարին: Այս մասին հայտնում է թուրքական «Միլիյեթ» պարբերականի կայքը: 

ԱՄՆ զրահապահ մեքենաներ է ուղարկել Սիրիայում ԻՊ դեմ կռվող քրդական ուժերին:

ԱՄՆ զրահապահ մեքենաներ է ուղարկել Սիրիայում ԻՊ դեմ կռվող քրդական ուժերին:

ԿՀՎ-ի տնօրենը Թուրքիայի նախագահական նստավայրում հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանին, հանդիպմանը ներկա է եղել նաև ազգային հետախուզական կազմակերպության գլխավոր քարտուղար Հաքան Ֆիդանը: Կողմերը քննարկել են Միացյալ Նահանգների՝ Սիրիայում քրդական ուժերին աջակցելու, Սիրիայում Թուրքիայի զինուժի գործողություններին և «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումից Սիրիայի Ռաքքա քաղաքի ազատագրման գործողությանը վերբերող հարցեր:

Բացի այդ, կողմերը քննարկել են նաև Թուրքիային ԱՄՆ-ում բնակվող, «Հիզմեթ» շարժման առաջնորդ Ֆեթուլլահ Գյուլենին արտահանձնելու հարցը, որին Թուրքիայի իշխանությունները մեղադրում են 2016-ի հուլիսի 15-16-ին Թուրքիայում ռազմական հեղաշրջման փորձի կազմակերպման համար:

Բացի եռակողմ հանդիպումից Մայքլ Պոմպեոն նաև առանձին հանդիպում է ունեցել Հաքան Ֆիդանի հետ:

Մի քանի օր առաջ հայտնի է դարձել, որ ԱՄՆ զրահապահ մեքենաներ է ուղարկել «Իսլամական պետություն» դեմ կռվող, քրդերից ու արաբներից կազմված «Սիրիայի դեմոկրատական ուժեր» (SDF) խմբավորմանը, որի կազմի մեջ են մտնում զորաջոկատներ Սիրիայի քրդական «Ժողովրդական ինքապաշտպանության ջոկատներից» (YPG), «Քրդական դեմոկրատական միության» (PYD) ուժերից և արաբական զինյալ, ընդդիմադիր տարբեր խմբավորումներից:

ԱՄՆ-ն քրդական PYD-ն դիտում է իբրև Սիրիայում գործող ահաբեկչական խմբավորումների դեմ պայքարում հիմնական դաշնակից, սրան հակառակ Թուրքիան Սիրիայի քրդական կազմակերպությունները համարում է «Քրդստանի աշխատավորական կուսակցության» (PKK) սիրիական թևը, և որակում որպես «ահաբեկչական»: Այս պատճառով սրվել են թուրք-ամերիկյան հարաբերությունները, և Թուրքիան բազմիցս մեղադրել է ԱՄՆ-ին Սիրիայի ճգնաժամի հարցում ոչ թե իրենց դաշնակից Թուրքիային, այլ քրդերին աջակցելու համար:

Հիշեցնենք, որ 2016-ի հոկտեմբերի 27-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Ալ-Բաբից հետո Թուրքիայի զինուժը Սիրիայում «Եփրատի վահան» գործողությունը կշարունակի Մանբիջի և ԻՊ «մայրաքաղաք» Ռաքքայի ուղղությամբ: Ավելի վաղ՝ սեպտեմբերի վերջին, Թուրքիայի նախագահը «Իսլամական պետության» կենտրոն Ռաքքա քաղաքը գրավելու գործողությանը մասնակցելու դիմաց ԱՄՆ-ից պահանջել էր գործողությունից դուրս թողնել Սիրիայի քրդերի «Ժողովրդական ինքապաշտպանության ջոկատներին» (YPG):

Թուրքիայի նախագահը վստահեցրել էր, որ Ռաքքայի գրավման գործողության համար լիովին բավական են տեղացի թուրքմենները։ Սակայն, նոյեմբերի 5-ին հիմնականում քրդերից, ինչպես նաև արաբական որոշ խմբավորւմներից կազմված «Սիրիայի դեմոկրատական ուժեր» (SDF) խմբավորումը հայտարարել է  ԻՊ «մայրաքաղաք» Ռաքքան և հարակից տարածքները ազատագրելու «Եփրատի ցասում» գործողության մեկնարկի մասին։

One response to “ԱՄՆ ԿՀՎ տնօրենը Թուրքիայում քննարկել է Սիրիայում ԻՊ դեմ պայքարը

  1. Pingback: Սիրիայում բախումներ են գրանցվել պրոթուրքական զինյալների և Սիրիայի բանակի միջև | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *