[Լրացված] Իրանը կրկին հրթիռ է փորձարկել. FoxNews

Փետրվարի 8-ին Իրանը Սեմնան քաղաքի մոտակաքում փորձարկել է փոքր հեռահարության «ցամաք-օդ» դասի «Մերսադ» հրթիռը։ Հրթիռն ընկել է մեկնարկային հարթակից 56 կմ հեռավորության վրա։

Այս մասին հայտնում է ամերիկյան FoxNews լրատվակայքը՝ հղում անելով ԱՄՆ պաշտոնական ներկայացուցչի, ով  չի ցանկացել բացահայտել իր ինքնությունը։

Հարկ է նշել, որ թեև FoxNews-ը նշում է «Մերսադ» հրթիռների փորձարկման մասին, սակայն այդ անունն իրականում կրում է իրանական հակաօդային պաշտպանության հրթիռային համակարգերից մեկը (ոչ թե հենց հրթիռը)։

Ըստ CNN լրատվակայքի՝ հրթիռը բալիստիկ չի եղել, ուստի փորձարկումը չի խախտում ՄԱԿ ԱԽ 2231 բանաձևը։

[Լրացում] Իրանի պաշտպանության նախարար Հոսեյն Դեհղանը հերքել է հրթիռի փորձարկման մասին լուրերը։

«Նախևառաջ այդ հայտարարությունները հորինված են, և նման բան չի եղել։ Երկրորդ, եթե նման փորձարկում եղել է, ապա նրանց հետ դա ոչ մի առնչություն չունի։ Երրորդ, Իրանի հրթիռային ծրագիրը  սովորական ծրագիր է, և հրթիռային փորձարկումները նախօրոք մշակված նախագծի մասն են, արվում են երկրի պաշտպանական պատրաստվածության պահպանման համար»,- նշել է Դեհղանը։

Ավելի վաղ «ահաբեկիչներին օգնելու, մարդու իրավունքները խախտելու և բալիստիկ հրթիռներ փորձարկելու համար»  ԱՄՆ-ն նոր պատժամիջոցներ է սահմանել Իրանի դեմ։

Մինչ այդ  Իրանը Թեհրանից 225 կմ հեռավորության վրա միջին հեռահարության բալիստիկ հրթիռ էր փորձարկել, որի առնչությամբ հունվարի 31-ին  ՄԱԿ ԱԽ-ն արտահերթ քննարկում անցկացրեց։ Քննարկմանը ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Նիկի Հեյլին Իրանի կողմից բալիստիկ հրթիռի փորձարումը  ՄԱԿ ԱԽ 2231 բանաձևի խախտում էր համարել և հայտարարել, որ ԱՄՆ-ն համապատասխան ձևով կարձագանքի։

Այնուհետև ԱՄՆ Կոնգրես  մտցվեց   «Իրանի նկատմամբ զինված ուժեր կիրառելու մասին» բանաձև։ Իսկ ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով օգնական Մայքլ Ֆլինը «պաշտոնապես զգուշացրեց» Իրանին։

Իսկ Իրանի պաշտպանության նախարար Հոսեյն Դեհղանը հանդես եկավ հայտարարությամբ, ըստ որի՝ հրթիռի փորձարկումը երկրի պաշտպանական դոկտրինի շրջանակներում է, և այն չի խախտում ՄԱԿ ԱԽ 2231 բանաձևը։ Նախարարը  փորձարկումը համարել էր հաջողված։

Հավելենք նաև՝  Իրանի հոգևոր առաջնորդ Ալի Խամենեին հայտարարել է, որ Իրանը ԱՄՆ սպառնալիքների պատասխանը կտա փետրվարի 10-ին՝ Իսլամական հեղափոխության տարեդարձի օրը։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *