Թուրքիան ԱՄՆ-ից կրկին պահանջել է դադարեցնել աջակցությունը քրդերին

ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի հետ զրույցում Թուրքիայի ղեկավար Ռեջեփ Թայիփ Էրդողանը պահանջել է դադարեցնել աջակցությունը Սիրիայի քրդերի «Ժողովրդական ինքապաշտպանության ջոկատներին» (YPG) և «Ժողովրդավարական միություն» կուսակցությանը (PYD): Այս մասին հայտնում է թուրքական պետական «Անադոլու» գործակալությունը:

Թուրքական աղբյուրը նաև նշում է, որ կողմերը որոշակի համաձայնության են հասել սիրիական Ալ-Բաբը և Ռաքքան իսլամիստներից համատեղ ջանքերով վերցնելու մասով: Սակայն այստեղ հատկանշական է, որ Ալ-Բաբի հարցում Թուրքիան ներկայում առավելապես օգտվում է Ռուսաստանի օգնությունից: Ավելին՝ Ռաքքայի ուղղությամբ ԱՄՆ աջակցությամբ շարժվում են հենց քրդական ստորաբաժանումները:

Անդրադառնալով նախագահների հեռախոսազրույցին՝ ամերիկյան The Washington Post պարբերականը հայտնում է, որ «Թրամփը նախընտրել է պարզապես շրջանցել քրդական խնդիրը»: Միացյալ Նահանգների նախագահը խոսել է միայն «Թուրքիայի և ԱՄՆ ռազմավարական հարաբերություններից, իսլամական կառույցի դեմ պայքարում Թուրքիայի դերից»: Սակայն այստեղ որևիցե կոնկրետ պայմանավորվածության մասին խոսք չկա:

Ավելին, ինչպես արդեն հայտնել ենք, բոլորովին վերջերս Միացյալ Նահանգները զրահապատ մեքենաներ էր տրամադրել քրդերից ու արաբներից կազմված «Սիրիայի դեմոկրատական ուժեր» (SDF) խմբավորմանը: Իսկ նշված խմբավորման կազմում հիմնական ուժը հենց YPG քրդական զորաջոկատներն են:

Ավելացնենք, որ ներկայում Թուրքիան փորձում է ԻՊ-ից գրավել սիրիական Ալ-Բաբ քաղաքը: Գործողությունն ավարտելուց հետո թուրքական կողմը նախատեսում է լայնածավալ ռազմական գործողություններ սկսել արդեն քրդերի դեմ: Սակայն առայժմ դեպքերի նման զարգացմանը դեմ է Միացյալ Նահանգները, որը քրդական ուժերին համարում է իսլամիստների դեմ պայքարում կարևոր «ցամաքային բաղադրիչ»:

One response to “Թուրքիան ԱՄՆ-ից կրկին պահանջել է դադարեցնել աջակցությունը քրդերին

  1. Pingback: Սիրիայում բախումներ են գրանցվել պրոթուրքական զինյալների և Սիրիայի բանակի միջև | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *