Փետրվարի 9-ին Թուրքիայի ԶՈւ գլխավոր շտաբից հայտնել են, որ նույն օրը Սիրիայում ռուսաստանյան զինուժը «Իսլամական պետությանը» հարվածելու փոխարեն ավիահարվածով ոչնչացրել է Թուրքիայի ԶՈւ զինծառայողների թաքստարան. նախնական տվյալներով սպանվել է Թուրքիայի ԶՈւ 3 զինծառայող, վիրավորվել՝ 11-ը: Տեղեկությունը հրապարակվել է Թուրքիայի ԶՈւ ԳՇ կայքում:
Նշվում է, որ ռուսաստանյան օդուժը պետք է հարվածեր սիրիական Ալ-Բաբ բնակավայրի մոտ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դիրքերին:
Միջադեպի հետ կապված հեռախոսազրույց են ունեցել Ռուսաստանի և Թուրքիայի նախագահները: Թուրքիան ևս վստահ է, որ կատարվածը սխալմունքի արդյունք էր:
Այսօր՝ ավելի վաղ, թուրքական պետական «Անադոլու» գործակալությունը հայտնել էր, որ Սիրիայում Թուրքիայի ԶՈւ երկու զինծառայող է սպանվել: Սակայն առայժմ պարզ չէ, արդյո՞ք նույն, թե՞ ուրիշ զինծառայողների մասին է խոսքը:
Ավելացնենք, որ միայն փետրվարի 8-ին Թուրքիան Սիրիայի Ալ-Բաբ քաղաքի մոտ կորցրել էր 5 զինծառայող: Այսպիսով, օգոստոսի 24-ից մինչ օրս թուրքական կողմը հայտնել է Սիրիայում առնվազն 64 զինծառայող կորցնելու մասին:
Pingback: ՌԴ օդուժը Սիրիայում թուրքական դիրքերին հարվածել է Թուրքիայի տրամադրած կոորդինատներով | Ռազմ.info
Pingback: Ռազմաշաբաթ. Տարածաշրջան. 5 – 11 փետրվարի, 2017 | Ռազմ.info