Ալիևն ազգային հերոսի կոչում է շնորհել Չինարիում սպանված դիվերսանտին

Փետրվարի 7-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հրամանով 2016 թ. դեկտեմբերի 29-ին հայկական դիրքերի ուղղությամբ դիվերսիոն ներթափանցման ընթացքում սպանված Ադրբեջանի ԶՈւ զինծառայող Չինգիզ Գուրբանովին շնորհվել է «ազգային հերոսի» կոչում: Այս մասին հայտնում է Ադրբեջանի նախագահի կայքը:

Նշվում է, որ զինծառայողին այդ կոչումը շնորհվել է «Ադրբեջանի տարածքային ամբողջականության պահպանման ընթացքում հատուկ ծառայության և մարտական պարտականությունն իրականացնելու» համար:

Սակայն ակնհայտ է, որ զինծառայողը սպանվել էր դիվերսիոն ներթափանցման փորձի ընթացքում, իսկ նրա դին մնացել էր հայկական դիրքերում:

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 29-ին ՀՀ ՊՆ-ն հայտնել էր, որ ադրբեջանական զինուժը դիվերսիոն ներթափանցման փորձ է կատարել Տավուշի մարզի Չինարի գյուղում հայկական դիրքերի ուղղությամբ:

Արդյունքում հակառակորդը հայկական դիրքերում թողել էր մեկ զինծառայողի դիակ: Ավելի ուշ պարզվեց, որ սպանվածը Ադրբեջանի ԶՈւ զինծառայող Գուրբանով Չինգիզ Սալման օղլուն է (Qurbanov Çingiz Salman oğlu): Փետրվարի 5-ին հայկական կողմը դիվերսանտի դին հանձնել էր Ադրբեջանին:

Հիշեցնենք նաև, որ սա առաջին անգամը չէ, երբ Ադրբեջանում «ազգային հերոս» են հռչակում դիվերսիայի մասնակցած և հայկական դիրքեր ներթափանցած զինծառայողին:

2010-ի հունիսի 18-ին Ադրբեջանի ԶՈւ զինծառայող Մուբարիզ Իբրահիմովը Արցախի հայկական դիրքերից մեկում 4 հայ զինծառայող էր սպանել, այնուհետև սպանվել մեկ այլ հայ զինծառայողի ձեռքով: Իբրահիմովի մարմինը վերադարձվեց Ադրբեջանին նույն թվականի դեկտեմբերին, ինչից հետո նրան հետմահու շնորհվեց «ազգային հերոսի» կոչում:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *