Մինչ թուրքերը փորձում են ԻՊ-ից գրավել Ալ-Բաբը, Սիրիայի բանակը ևս մոտենում է քաղաքին

Սիրիայի կառավարական ուժերը հաջողություն են գրանցել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ Սիրայի հյուսիսային Ալ-Բաբ քաղաքի մոտ ընթացող ռազմական գործողություններում՝ գրավելով ճանապարհը, որը Ալ-Բաբը միացնում է ԻՊ հսկողության տակ գտնվող Ռաքքա քաղաքին և Դեր Զոր նահանգին: Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը:

Այդպիսով Սիրիայի կառավարական բանակին հաջողվել է ԻՊ զինյալներին կտրել Ռաքքայի և Դեր Զորից եկող մատակարարումներից և աջակցությունից: Կառավարական բանակի կողմից կռվող հրամանատարներից մեկը հայտնել է, որ Ալ-Բաբում զինյալները գրեթե ամբողջությամբ շրջափակված են, միայն մի փոքր անցուղի է մնացել:

BBC հեռուստառադիոընկերության կայքի հաղորդմամբ՝ Սիրիայի կառավարական ուժերը գրավել են Թալ Ուվաշիյա բարձրունքը՝ հյուսիս-արևելքից 9 կմ հեռավարության վրա:

Միևնույն ժամանակ նշենք, որ Թուրքիայի զինված ուժերը շարունակում են Սիրիայի հյուսիսում ռազմական գործողությունները Ալ-Բաբ քաղաքի գրավման համար: Թուրքիայի զինուժին հաջողվել է ԻՊ-ին շրջափակել հյուսիսից, իսկ Սիրիայի կառավարական ուժերին՝ հարավից:

Փետրվարի 7-ին Թուրքիայի զինուժին և նրանց աջակից, հիմնականում Սիրիայի թուրքմեններից կազմված «Սիրիայի ազատ բանակ» խմբավորման հաջողվել է գրավել Ալ-Բաբի մոտակայքում գտնվող Բազաա գյուղը: Փոխանցում է թուրքական «Հյուրիեթ» պարբերականի կայքը: Նշենք, որ մի քանի օր առաջ սոցցանցերում տեղեկություն էր տարածել, որ ԻՊ գրավել է այդ գյուղը, որը ավելի վաղ անցել էր Թուրքիայի զինուժի վերահսկողության տակ:

Ըստ Reuters գործակալության՝ Սիրիայի կառավարական բանակը շուրջ 3 շաբաթ է, ինչ ինտեսիվ մարտեր է մղում Ալ-Բաբում ԻՊ դեմ, այդ ընթացքում զորքերն առաջացել են մոտ 6 կմ: Այսպիսով կառավարական ուժերը, ըստ էության ձգտում եմ կանգնեցնել Թուրքիայի զինուժի առաջխաղացումը Սիրիայի տարածքում:

Նշենք, որ Ալ-Բաբ Հալեպից գտնվում է մոտ 40 կմ հեռավարության վրա և Սիրիայի հյուսիսում կոմունիկացիաներ վերահսկելու տեսանկիյունից շատ կարևոր է, այդ պատճառով թե Սիրիան, թե Թուրքիան ձգտում են գրավել այն: Թուրքիայի համար այն հատկապես կարևոր է, քանի որ փակում է ճանապարհը Սիրիայի հյուսիսում քրդական երկու ինքնավար շրջանների՝ Քոբանիի և Աֆրինի միջև:

Թուրքական զինուժը շարժվում է Ալ-Բաբ

Թուրքական զինուժը շարժվում է Ալ-Բաբ

Հիշեցնենք, որ օգոստոսի 24-ին ներխուժելով Սիրիայի ցամաքային տարածք՝ Թուրքիան ռազմական գործողություններ է իրականացնում «Իսլամական պետության», ինչպես նաև քրդական ուժերի դեմ:

Բուն գործողությունները ցույց են տալիս, որ Թուրքիան կյանքի է կոչում Սիրիայում «անվտանգության գոտի» ստեղծելու նպատակները, ինչի հիմքում Սիրիայի տարածքում քրդերի հսկողության տակ գտնվող երկու տարածքների միավորումը բացառելն է:

2 responses to “Մինչ թուրքերը փորձում են ԻՊ-ից գրավել Ալ-Բաբը, Սիրիայի բանակը ևս մոտենում է քաղաքին

  1. Pingback: Ռուսաստանի ՊՆ-ում ամփոփել են իրադրությունը Սիրիայում | Ռազմ.info

  2. Pingback: Սիրիայում փետրվարի 8-ին Թուրքիայի ԶՈւ-ն կորցրել է ընդհանուր 5 զինծառայող | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *