Վրաստանի արևմտյան Սիմոնեթի գյուղում վթարվել է Վրաստանի ԶՈւ 2-րդ հետևակային բրիգադի 22-րդ գումարտակի զինծառայողներին տեղափոխող ավտոմեքենա: Մեքենան բախվել է ծառին, ինչի հետևանքով վիրավորվել է ԶՈւ 6 զինծառայող:
Այս մասին փետրվարի 10-ին հայտնել է վրաստանյան Interpressnews կայքը՝ հղում անելով Վրաստանի ՊՆ-ին:
Վիրավորված զինծառայողները տեղափոխվել են Գորի քաղաքի զինվորական հոսպիտալ: Աղբյուրի համաձայն՝ զինծառայողների կյանքին վտանգ չի սպառնում է, նրանց վիճակը կայուն է:
Մեքենան շարժվելիս է եղել Սիմոնեթիի զորավարժարան տանող ճանապարհով՝ ռազմական ոստիկանության ուղեկցությամբ: Ճանապարհատրանսպորտային վթարի հետ կապված հարուցվել է քրեական գործ՝ մեքենավարման կանոնների խախտման և հատուկ նշանակության ու ռազմական տեխնիկայի շահագործման հոդվածով, որի հետևանքով մեկ կամ մի քանի հոգի վնասվածք են ստացել:
Հիշեցնենք, որ 2016-ի հոկտեմբերի 21-ին Վրաստանում նմանատիպ դեպք է տեղի ունեցել Դեդոպլիսցկարո-Թբիլիսի ճանապարհին, երբ «Կամազ» մակնիշի զինվորական բեռնատարը շրջվել էր: Բեռնատարում եղել է 37 զինծառայող: Վթարի հետևանքով մահացել է Վրաստանի ԶՈւ հայ զինծառայող Հակոբ Մալխասյանը, ով ծնունդով Նինոծմինդայից էր: