Ադրբեջանի ռազմածովային ուժերը փետրվարի 10-ից 14-ը կմասնակցեն Արաբական ծովի հյուսիսում անցկացվող «Աման-2017» («Խաղաղություն-2017») միջազգային զորավարժությանը, որը կազմակերպել է Պակիստանի ՌԾՈւ հրամանատարությունը: Այս մասին հայտնում է Պակիստանի ՊՆ մեդիա ընկերությունը:
Ադրբեջանի մասնակցության մասին այլ մանրամասներ չեն նշվում։
Զորավարժությանը մասնակցում է նաև Ռուսաստանի ԶՈւ Հյուսիսային նավատորմի հակասուզանավային «Սեվերմորսկ» նավը:
Վարժանքների ընթացքում ՌԴ ԶՈւ զինծառայողները փոխգործակցելու են ԱՄՆ, Թուրքիայի, Պակիստանի, Մեծ Բրիտանիայի, Չինաստանի ԶՈւ զինծառայողների հետ: Այս մասին հայտնում է ռուսաստանյան «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:
Զորավարժությանը հիմնական նպատակն է ծովահենների դեմ պայքարը, ինչպես նաև միջազգային առևտրային ուղիների անվտանգության պահպանումը: Զորավարժությանը մասնակցում են 37 երկրի ռազմածովային ուժեր, այն անցկացվում է 2007-ից սկսած երկու տարին մեկ անգամ:
Բացի Արաբական ծովից վարժանքներ են իրականացվելու նաև Պակիստանի Կարաչի քաղաքում տեղակայված ռազմածովային ուժերի ռազմաբազայում:
Այս տարվա զորավարժությանը մասնակցում են Ադրբեջանը, Թուրքիան, Իրանը, Չինաստանը, Ճապոնիան, Ռուսաստանը, ԱՄՆ-ն, Թուրքմենստանը, Իտալիան, Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան, Ղազախստանը և մի շարք այլ երկրներ: Նշենք, որ իրանական մամուլը ևս հայտնել է, որ Իրանի ՌԾՈւ-ն մասնակցում է զորավարժությանը:
Չինաստանի, ԱՄՆ-ի և Ռուսաստանի ռազմածովային ուժերից մասնակցում է երեքական նավ, իսկ Թուրքիայի, Մեծ Բրիտանիայի, Ինդոնեզիայի, Ավստրալիայի և Շրի Լանկայի ՌԾՈւ-ից մեկական նավ:
Բացի այդ, վարժանքներին ընդգրկված են 5 ուղղաթիռ (դրանք ուղեկցում են 8 երկրի ՌԾՈւ նավերին), հատուկ նշանակության և պայթուցիկ նյութերի վնասազերծման 11 խումբ՝ Չինաստանից, Թուրքիայից, Ռուսաստանից, ԱՄՆ-ից, Մեծ Բրիտանիայից և մի քանի այլ երկրներից:
Pingback: Ռազմաշաբաթ. Տարածաշրջան. 5 – 11 փետրվարի, 2017 | Ռազմ.info