Ռուսաստանի նախագահի հրամանով ՌԴ ԶՈւ օդատիեզերական ուժերում անցկացվող հանկարծակի ստուգումների շրջանակներում տարբեր ուղղություններից թռիչքներ են կատարվել շուրջ 20 տեսակի ինքնաթիռներով՝ ներառյալ Սու-27, ՄիԳ-29 կործանիչներ, Սու-34 ռմբակոծիչներ, Յակ 130 ուսումնամարտական և Ան-26, Ան-12 տրանսպորտային ինքնաթիռներ, ինչպես նաև Մի-8 և Կա-52 ուղղաթիռներ։
Այս մասին փետրվարի 9-ին տեղեկացնում է ՌԴ ՊՆ կայքը։
Հանկարծակի ստուգումներին ներգրավվել են 45 հազար զինծառայող, 1700 միավոր զինտեխնիկա, այդ թվում 150 ԱԹՍ, 200 զենիթահրթիռային համալիր։
Բացի այդ գերձայնային արագությամբ թռիչքներ են իրականացրել հեռահար ավիացիայի՝ Տու-160 և Տու-22Մ3 ռազմավարական ռմբակոծիչների անձնակազմերը:
Ստուգողական վարժանքների ընթացքում ինքնաթիռները տարբեր արագություններով մոտեցել են 50-10000 մ բարձրության վրա գտնվող պայմանական թիրախներին։ Ավիացիայի թռիչքները եղել են շուրջօրյա։
Հիշեցնենք, որ փետրվարի 7-ին ՌԴ պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուն հայտնել է, որ ռազմաօդային ուժերում հրամանատարական մարմինները, զորամիավորումներն ու զորամասերը բերվում են մարտական պատրաստության բարձրագույն աստիճանի։
ՌԴ ՊՆ ղեկավարը հայտնել է, որ ստուգվելու են զորքերի մարտական հերթապահությունը, ավիախմբերի՝ «ագրեսիաներին դիմագրավելու պատրաստվածության աստիճանը», բացազատվելու են ՀՕՊ համակարգերը: Առաջադրանքների կատարման համար ՌՕՈւ գլխավոր շտաբում ձևավորվել են հսկիչ խմբեր: