Պարսից ծոցում ԱՄՆ ուժերը բերվել են մարտական պատրաստության ամենաբարձր աստիճանի

Իրանի հետ հարաբերությունների լարվածության աճով  պայմանավորված՝ ԱՄՆ ուժերը Պարսից ծոցում բերվել են պատրաստության ամենաբարձր աստիճանի։ Բացառություն են կազմում միայն այն ռազմանավերը, որոնք վերանորոգվում կամ արդիականացվում են , կամ որոնցում անձնակազմային փոփոխություններ են։

Այս մասին «ՌԻԱ նովոստի» լրատվական գործակալությանը հայտնել է ԱՄՆ ՊՆ ներկայացուցիչ, ով չի ցանկացել բացահայտել իր ինքնությունը:

Նշենք, որ ավելի վաղ  «ահաբեկիչներին օգնելու, մարդու իրավունքները խախտելու և բալիստիկ հրթիռներ փորձարկելու համար»  ԱՄՆ-ն նոր պատժամիջոցներ սահմանեց Իրանի դեմ։

Բալիստիկ հրթիռի փորձարկում Իրանում,2016թ.

Բալիստիկ հրթիռի փորձարկում Իրանում, մարտ 2016թ.

Մինչ այդ  Իրանը Թեհրանից 225 կմ հեռավորության վրա միջին հեռահարության բալիստիկ հրթիռ էր փորձարկել, որի առնչությամբ հունվարի 31-ին  ՄԱԿ ԱԽ-ն արտահերթ քննարկում անցկացրեց։ Քննարկմանը ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Նիկի Հեյլին Իրանի կողմից բալիստիկ հրթիռի փորձարումը  ՄԱԿ ԱԽ 2231 բանաձևի խախտում էր համարել և հայտարարել, որ ԱՄՆ-ն համապատասխան ձևով կարձագանքի։

Այնուհետև ԱՄՆ Կոնգրես  մտցվեց   «Իրանի նկատմամբ զինված ուժեր կիրառելու մասին» բանաձև։ Իսկ ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով օգնական Մայքլ Ֆլինը «պաշտոնապես զգուշացրեց» Իրանին։

Իսկ Իրանի պաշտպանության նախարար Հոսեյն Դեհղանը հանդես եկավ հայտարարությամբ, ըստ որի՝ հրթիռի փորձարկումը երկրի պաշտպանական դոկտրինի շրջանակներում է, և այն չի խախտում ՄԱԿ ԱԽ 2231 բանաձևը։ Նախարարը  փորձարկումը համարել էր հաջողված։

Հավելենք նաև՝  փետրվարի 7-ին Իրանի հոգևոր առաջնորդ Ալի Խամենեին հայտարարել է, որ Իրանը ԱՄՆ սպառնալիքների պատասխանը կտա փետրվարի 10-ին՝ Իսլամական հեղափոխության տարեդարձի օրը։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *