Ադրբեջանի ռազմական բյուջեն նվազում է մոտ 27 տոկոս • Ռազմինֆոն բացահայտել է Ադրբեջանի ԶՈւ թաքցված 10 մարտական կորուստ • Ադրբեջանում անցկացվել է ռազմարդյունաբերական ցուցահանդես • Ադրբեջան է այցելելու ՌԴ ԶՈւ ռազմանավ • Համատեղ զորավարժություն են անցկացրել Իրանի, Իտալիայի ռազմանավերը • Իրանում զորավարժություն է անցկացրել «Բասիջը» • Իրանում կհերթապահեն տեղական արտադրության հրթիռային համալիրներ • Իրանում սկսվելու է 3 տեսակի հրթիռների արտադրություն • Իրանում ներկայացրել են տեղական արտադրության մարտական ռոբոտներ • Իրանում ձերբակալվել են ահաբեկիչներ • Թուրքիայում արտակարգ դրության ժամկետը կարող է երկարացվել • Թուրքիան շարունակում է պատ կառուցել Սիրիայի սահմանին • Սիրիայում մարտեր են սկսվել Հալեպի համար • Ռուսաստանն ուժեղացնում է իր սիրիական ավիախումբը • Թուրքիան պահանջել է քրդերին չներգրավել Ռաքքայի գրոհին • Իրաքում նախապատրաստվում է Մոսուլի ազատագրումը • Ֆրանսիական ավիակրի ինքնաթիռները կրկին հարվածում են Իրաքում ԻՊ դիրքերին • Բաղդադում նույն օրը երկու ահաբեկչություն է եղել
Ադրբեջան
• Սեպտեմբերի 29-ին հրապարակվել է Ադրբեջանի 2017 թ. պետբյուջեի նախնական տարբերակը, համաձայն որի՝ Ադրբեջանի ռազմական բյուջեն նախատեսվում է կրճատել շուրջ 27,5 տոկոսով:
• Razm.info-ն համեմատել է ՄԱԿ-ում Ադրբեջանի ներկայացուցչի զեկույցները այդ երկրի պետական մարմինների հայտնած, ինչպես նաև Ռազմինֆոյի արձանագրած տվյալների հետ, ինչի շնորհիվ հայտնի է դարձել Ադրբեջանի ՊՆ չհայտնած առնվազն ևս 10 մարտական կորստի մասին (2014-15թթ.)։
• Սեպտեմբերի 27-30-ին Ադրբեջանում անցկացվել է ADEX-2016 ռազմարդյունաբերական ցուցահանդես, որի ժամանակ Ադրբեջանը մասնավորապես ներկայացրել է «Զարբա» ինքնասպան անօդաչու թռչող սարքը (իսրայելական Orbiter-1K ԱԹՍ-ի տեղական տարբերակ), որից էլ երկրի ՊՆ-ն պատվիրել է զինված ուժերի համար։ Նույն ցուցահանդեսի ընթացքում Ռուսաստանի «Ուրալվագոնզավոդը» ներկայացրել է Տ-72 տանկերի նոր տարբերակներից մեկը։ «Ռուսաստանյան ուղղաթիռներ» ընկերությունն իր հերթին պայմանագիր է կնքել Բաքվում Մի-8/17 ուղղաթիռների սպասարկման կենտրոն բացելու վերաբերյալ։
• Ռուսաստանի և Ադրբեջանի ԶՈւ համագործակցության ամրապնդման համար սեպտեմբերի 26-ին ՌԴ կասպյան նավատորմի ռազմանավերից մեկն ուղևորվել է Բաքու:
Իրան
• Սեպտեմբերի 24-ին Իրան է ժամանել Իտալիայի զինված ուժերի «Եվրո» ռազմանավը, որի հետ Իրանի ռազմանավերը համատեղ զորավարժություն են արել։
• Սեպտեմբերի 29-30-ին Իրանի հյուսիսարևելյան Սեմնան նահանգում անցկացվել է «Բեյթ օլ մողադաս 5» զորավարժությունը, որին ներգրավված էր «Բասիջ» ստորաբաժանման 10000 զինծառայող:
• Իրանի կենտրոնական շրջանների հակաօդային պաշտպանությունը իրականացնելու համար երկրի կենտրոնում տեղակայվելու են իրանական արտադրության «Թալաշ» և «Մերսադ» զենիթահրթիռային համակարգեր:
• Սեպտեմբերի 25-ին Իրանի պաշտպանության նախարարը հայտարարել է, որ մինչ իրանական օրացույցով տարեվերջ (2017թ. մարտի 21) Իրանը սկսելու է «Ղադիր», «Սաջիլ», «Խորամշահր» հրթիռների արտադրությունը:
• Սեպտեմբերի 27-ին Իրանում ներկայացրել են տեղական արտադրության մարտական ռոբոտների արդիականացված տարբերակներ:
• Իրանի հետախուզության և անվտանգության ուժերը հյուսիսարևմտյան Քուրդիստան նահանգում ձերբակալել են 4 ահաբեկչի: Ահաբեկիչներն Իրան էին եկել Իրաքի Քուրդիստանից և ծրագրել էին ահաբեկչական գործողություններ իրականացնել Իրանի տարբեր շրջաններում:
Թուրքիա
• Սեպտեմբերի 28-ին Թուրքիայի ազգային անվտանգության խորհուրդն առաջարկել է ևս 3 ամսով երկարաձգել երկում հայտարարված արտակարգ դրությունը, որն ավարտվելու է հոկտեմբերին: Արտակարգ դրությունը հայտարարվել է Թուրքիայում ռազմական հեղաշրջման փորձից հետո, որից հետո դեռ շարունակվում են ձերբակալությունները։
• Թուրքիան շարունակում է Սիրիայի սահմանով «անվտանգության պատի» շինարարական աշխատանքները, արդեն կառուցված է պատի 200 կմ-ը, նախատեսվում է ավելացնել ևս 700 կմ:
Սիրիա / Իրաք
• Շաբաթվա ընթացքում ծանր մարտեր են եղել Հալեպում։ Սիրիական բանակը օրական 2-3 գրոհ է հետ մղում: Մարտերը վերսկսվել են Սիրիայում հրադադարի չեղարկումից հետո։
• Սեպտեմբերի 30-ին հայտնի է դարձել, որ Սիրիայում ահաբեկչական կազմակերպությունների դեմ ավիահարվածներին մասնակցող ռուսաստանյան ավիախումբը համալրել են ՌԴ ԶՈւ Սու-24 և Սու-34 մի քանի ռմբակոծիչ ինքնաթիռներ, ՌԴ ԶՈւ-ն նախատեսում է Սիրիա ուղարկել նաև Սու-25 գրոհիչներ։
• Թուրքիայի նախագահը «Իսլամական պետության» կենտրոն Ռաքքա քաղաքը գրավելու գործողությանը մասնակցելու դիմաց ԱՄՆ-ից պահանջում է գործողությունից դուրս թողնել Սիրիայի քրդերի «Ժողովրդական ինքնապաշտպանության ջոկատներին» (YPG):
• «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումից Մոսուլի ազատագրման սպավող գործողությանը մասնակցելու է Իրաքի զինված ուժերի և քրդական զինված կազմավորումների 40 հազար մարտիկ։ Սեպտեմբերի 28-ին ԱՄՆ պաշտպանության նախարարը հայտարարել է, որ նույն գործողության աջակցման համար ԱՄՆ-ն մոտ 600 լրացուցիչ զորք է տեղակայելու Իրաքում:
• Սեպտեմբերի 30-ին Միջերկրական ծովում նավարկող ֆրանսիական «Շարլ դը Գոլ» ավիակրի վրա բազավորված «Ռաֆալ» ինքնաթիռները սկսել են հարվածներ հասցնել Իրաքում «Իսլամական պետության» դիրքերին:
• Սեպտեմբերի 27-ին Բաղդադում 2 ահաբեկչական պայթյունների հետևանքով զոհվել է առնվազն 20 մարդ, վիրավորվել՝ 55-ը: Պայթյուններից մեկի համար պատասխանատվությունը ստանձնել է «Իսլամական պետությունը»։
Հայաստանի ընթացիկ ռազմաշաբաթն այստեղ։
Տարածաշրջանի նախորդ ռազմաշաբաթն այստեղ։