Իրանի կենտրոնական շրջանների հակաօդային պաշտպանությունը իրականացնելու համար մոտ ապագայում երկրի կենտրոնում գտնվող Դաշթ-է Քյավիր անապատում տեղակայվելու են իրանական արտադրության «Թալաշ» և «Մերսադ» զենիթահրթիռային համակարգերը:
Այս մասին հայտնել է ԻԻՀ բանակի ՀՕՊ հրամանատար, բրիգադային գեներալ Ֆարզադ Էսմայիլին: Փոխանցում է իրանական «Թասնիմ» լրատվական գործակալությունը:
«Թալաշ» համակարգերը կարող են խոցել հետախուզական ինքնաթիռների կամ ԱԹՍ-ների նման թիրախներ: Համակարգերը ներկայցված են 3 տարբերակով՝ «Թալաշ -1», «Թալաշ-2», «Թալաշ-3»:
«Թալաշ-1» և «Թալաշ-2» համակարգերը օգտագործում էին իրանական «Սայյադ 2» հրթիռներ, հետագայում «Թալաշ-2»-ն արդիականացվում է ռուսաստանյան Ս-200 համակարգի հրթիռներով և այդ արդիականացված տարբերակը կոչվում է «Թալաշ-3»: Իսկ նախորդ տարի Ս-200 հրթիռները փոխարինվեցին «Սայյադ-3» հրթիռներով:
Հիշեցնենք նաև, որ առաջիկա ամիսներիներին Իրանը սկսելու է «Ղադիր», «Սաջիլ», «Խորամշահր» հրթիռների արտադրությունը, իսկ « Զոլֆաղար» հրթիռի արտադրությունը արդեն սկսված է:
Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) օդային ուժերի հրամանատար, բրիգադային գեներալ Ամիր Ալի Հաջիզադեի խոսքերով` մինչև տարեվերջ (իրանական օրացույցով՝ 2017թ. մարտի 21) ԻՀՊԿ-ն համալրվելու է «Զոլֆաղար» հրթիռներով:
«Զոլֆաղար» հրթիռային համալիրները ցուցադրվել են նաև սեպտեմբերի 21-ին իրանա-իրաքյան պատերազմի հիշատակին նվիրված զորահանդեսի շրջանակներում: