Ռուսաստանն Ադրբեջանում ներկայացրել է Տ-72 տանկի նոր տարբերակը

Ռուսաստանի պետական «Ուրալվագոնզավոդ» ընկերությունը մասնակցում է Ադրբեջանում սեպտեմբերի 27-30 անցկացվող ADEX-2016 ռազմարդյունաբերական ցուցահանդեսին, որի ընթացքում ներկայացնում է նաև իր արտադրության Տ-72 տանկի Բ3 տարբերակը: Այս մասին հայտնի է դարձել ցանցում հրապարակված լուսանկարներից:

Ռուսաստանյան արտադրության Տ-72Բ3 տանկը՝ ներկայացված Ադրբեջանի ADEX-2016 ցուցահանդեսին: Լուսանկարը Մարինա Լիսցևայի բլոգից

Ռուսաստանյան արտադրության Տ-72Բ3 տանկը՝ ներկայացված Ադրբեջանի ADEX-2016 ցուցահանդեսին: Լուսանկարը Մարինա Լիսցևայի բլոգից

Ռուսաստանյան պատվիրակության ներկայացուցիչները նշել են, որ ցուցահանդեսի ընթացքում պայմանագրեր կնքելու հեռանկար չունեն, սակայն մտադիր են իրենց արտադրանքը ներկայացնել հնարավոր պատվիրատուներին:

Ներկայացված տանկի վրա, ըստ ընկերության ցուցատախտակի, համալիր արդիականացման արդյունքում ավելացվել է կրակային հզորությունը, պաշտպանվածությունը և այլն:

Ադրբեջանում ներկայացված տանկի մասին որոշ մանրամասներ իր բլոգում ներկայացրել է ռուսաստանցի փորձագետ Ալեքսեյ Խլոպոտովը: Ըստ նրա՝ Տ-72Բ3 տանկի վրա դրված է Տ-90Ա տանկի կրակի կառավարման համակարգ: Տանկի պաշտպանվածության համար դրա վրա տեղադրված է նոր դինամիկ զրահ և «Շտորա» համակարգ:

Տանկի շարժունակության բարձրացման համար, ըստ փորձագետի, դրա վրա տեղադրված է 1000 ձիաուժ հզորությամբ շարժիչ, իսկ պատվիրատուի պահանջով կարող է տեղադրվել նաև 1130 ձիաուժ հզորությամբ շարժիչ (համեմատելու համար՝ բազային չարդիականացված Տ-72 տանկի վրա տեղադրված է 700 ձիաուժ հզորությամբ շարժիչ):

Ավելացնենք, որ Տ-72Բ3 տարբերակի տանկը 2013-ից սկսած մատակարարվում է Ռուսաստանի զինված ուժերին՝ Տ-90 տանկերի փոխարեն:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *