Մոսուլի ազատագրմանը ներգրավված է Իրաքի շուրջ 40000 մարտիկ, այդ թվում նաև քրդեր

Շուրջ 40.000 իրաքցի զինվորական և քրդական կազմավորման ռազմիկ կմասնակցի «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումից Մոսուլ քաղաքի ազատագրման գործողությանը: Այս մասին հայտնում է թուրքական Haber Turk պարբերականը՝ հղում անելով սեփական աղբյուրներին:

Ըստ լրատվամիջոցի՝ քաղաքի անմիջական ազատագրմանը մասնակցելու է 15 հազար տեղացի զինվորական, ովքեր ազատագրումից հետո պատասխանատու կլինեն ներքին անվտանգության համար: Եվս 20-25 հազար մասնակցելու է Մոսուլի ծայրամասերի ազատագրմանը:

Գործողությանը ներգրավված են նաև Իրաքյան Քրդստանում գործող «Քրդստանի հայրենասիրական միություն» կուսակցության մարտիկները: Սակայն քրդերը չեն մասնակցի մարտական գործողություններին։ Նրանց խնդիրն է աջակցել իրաքցի զինվորականներին անցնել քրդերի վերահսկած տարածքներով դեպի Մոսուլ:

Թուրքիան անհանգստություն է հայտնում Իրանի աջակցությամբ գործող Իրաքի շիաների ազատագրման գործողությանը մասնակցելու առիթով: Մասնավորապես՝ «վախենում է» Մոսուլում շիաների և սունիների բախումից. սունի թուրքմենները աջակցել են ԻՊ-ին, ինչի պատճառով շիաները կարող են վրեժ լուծել:

Նշենք նաև, որ ԻՊ-ն  պատրաստվում է Մոսուլի ազատագրման գործողության դիմագրավմանը, վերջինիս զինյալները սեպտեմբերի 20-ին փակել էին Մոսուլ տանող բոլոր ճանապարհները:  Քաղաքի ծայրամասերում նկատվում էր զինյալների կենտրոնացում, ինչպես նաև ծանր զինտեխնիկայի կուտակում:

Իսկ ԻՊ առաջնորդ Աբու Բաքր ալ-Բաղդադին երկար դադարից հետո առաջին անգամ երևացել էր հենց Մոսուլ քաղաքում:

Նույն օրը՝ սեպտեմբերի 20-ին, ԱՄՆ գլխավորած միջազգային կոալիցիայի ավիահարվածների ուղեկցությամբ Իրաքի բանակը ազատագրել էր Մոսուլին հարակից Շիրքաթ քաղաքը: Այն գտնվում է Տիգրիս գետի ափին՝ Մոսուլից 100 կմ հարավ, և հանդիսանում է Իրաքի բանակի համար Մոսուլի ազատագրման համար անհրաժեշտ մատակարարման կետ:

Ավելի վաղ՝ սեպտեմբերի 14-15-ին, ԱՄՆ և կոալիցիոն ուժերը ավիահարված էին հասցրել Մոսուլում «Իսլամական պետության» քիմիական զենքի գործարան-պահեստին՝ այդպիսով պատրաստվելով ազատագրման գործողությանը:

One response to “Մոսուլի ազատագրմանը ներգրավված է Իրաքի շուրջ 40000 մարտիկ, այդ թվում նաև քրդեր

  1. Pingback: Մոսուլ քաղաքի ազատագրմանը կմասնակցի միայն Իրաքի կառավարական բանակը (քարտեզ) | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *