Իրաքի Մոսուլ քաղաքի և հարակից բնակավայրերի ազատագրման գործողության ժամանակ Իրաքյան Քրդստանի Փեշմերգե զորամիավորման մարտիկները չեն մտնի բուն Մոսուլ քաղաք, իսկ Մոսուլ մտնելու ժամկետները դեռևս չի կարելի սահմանել։ Այս մասին հայտնում է իրաքյան Alsumaria լրատվակայքը՝ մեջբերելով Իրաքյան Քրդիստանի առաջնորդ Մասուդ Բարզանիին։
Իրաքում իրանական աջակցությամբ գործող շիաների «Ազգային դաշինքի» ղեկավար Ամար Ալ֊Հաքիմի հետ հանդիպման ժամանակ Մասուդ Բարզանին նաև հայտնել է, որ իրենք չեն դադարեցնում համագործակցությունը Իրաքի կառավարական բանակի հետ։
Ինչպես Բարզանիի խոսքերը փոխանցում է Իրաքի քրդական ինքնավարության Rudaw գործակալությունը՝ Բեշիքա քաղաքն արդեն մաքրվել է ԻՊ զինյալներից, սակայն Փեշմերգեի մարտիկները չեն շտապում մուտք գործել քաղաք՝ զգուշանալով ինքնաշեն պայթուցիկ սարքերից։
Մինչ այս՝ դեռևս սեպտեմբերի վերջին, թուրքական Haber Turk պարբերականը, հղում անելով սեփական աղբյուրներին, հայտնել էր, որ Մոսուլի ազատագրման գործողությանը ներգրվված քրդերը չեն մասնակցելու բուն քաղաքի ազատագրման գործողություններին։
Նշենք, որ Իրաքյան Քրդստանի Փեշմերգե զորամիավորման մարտիկներին մարզում է Իրաքի Բեշիքայի ռազմաբազայում տեղակայված Թուրքիայի ԶՈւ զորախումբը։
Հոկտեմբերի 17-ին, Իրաքի վարչապետ Հայդար Ալ-Աբադին հեռուստատեսությամբ հայտարարել էր, որ «Իսլամական պետությունից» երկրի հյուսիսային Մոսուլ քաղաքի ազատագրման գործողության մեկնարկի մասին, որի ցամաքային գործողություններին մասնակցում էին Իրաքի կառավարական ուժերը, ինչպես նաև Փեշմերգե 40 հազար մարտիկ:
Հիշեցնենք նաև, որ 2014-ի հունիսին ԻՊ զինյլաներին հաջողվել էր Մոսուլից դուրս մղել կառավարական ուժերը և ոստիկանական զորքերն ու սահմանել հսկողություն մեծությամբ երկրորդ իրաքյան քաղաքի և դրա՝ ռազմավարական կարևորության մի շարք օբյեկտների նկատմամբ։