Իրաքի բանակը ազատագրում է Մոսուլից հարավ գտնվող Շիրքաթ քաղաքը

ԱՄՆ գլխավորած միջազգային կոալիցիայի ավիահարվածների ուղեկցությամբ Իրաքի բանակը ամրացնում է իր դիրքերը Մոսուլին հարակից Շիրքաթ քաղաքում՝ այդպիսով պատրաստվելով Մոսուլի ազատագրմանը: Այս մասին հայտնում է Reuters լրատվական գործակալությունը:

Իրաքի անվտանգության ուժերը Շիրքաթ քաղաքի ազատագրման գործողությունը սկսել են սեպտեմբերի 20-ին Իրաքի վարչապետի հրամանով:

Շիրքաթ քաղաքը գտնվում է Տիգրիս գետի ափին՝ Մոսուլից 100 կմ հարավ, և հանդիսանում է Իրաքի բանակի համար Մոսուլի ազատագրման համար անհրաժեշտ մատակարարման կետ :

Alarabiya լրատվակայքի փոխանցմամբ՝ բանակն արդեն գրավել է տեղի կառավարության շտաբի շենքը, ինչպես նաև հիվանդանոցը:

Իսկ ըստ Jane’s վերլուծական կենտրոնի՝ ԱՄՆ միավորված շտաբերի ղեկավար, գեներալ Ջոզեֆ Դանֆորդը սեպտեմբերի 20-ին հայտնել էր, որ Իրաքի ուժերը հոկտեմբերին պատրաստ կլինեն Մոսուլի ազատագրման գործողությունը:

Ամերիկյան ABC NEWS հեռուստաընկերության խմբագիր Ջոն Ուիլիամսն էլ իր թվիթերյան էջում գրել է Շիրքաթ քաղաքի ազատագրման մասին:

Միաժամանակ Մոսուլի ազատագրման գործողությանը ընդառաջ Մեծ Բրիտանիան պատրաստվում է Իրաքին փոխանցել 52 մլն ԱՄՆ դոլար հումանիտար օգնություն, իսկ օրեր առաջ ԱՄՆ-ն հայտարարել էր  Իրաքի բնակչությանը 181 մլն դոլարի լրացուցիչ հումանիտար օգնություն հասցնելու և Մոսուլի ազատագրման գործողությանը պատրաստվելու մասին:

Նույն ժամանակահատվածում ԱՄՆ և կոալիցիոն ուժերը ավիահարված էին հասցրել Մոսուլում «Իսլամական պետության» քիմիական զենքի գործարան-պահեստին:

One response to “Իրաքի բանակը ազատագրում է Մոսուլից հարավ գտնվող Շիրքաթ քաղաքը

  1. Pingback: ԱՄՆ-ն մոտ 600 լրացուցիչ զորք է տեղակայելու Իրաքում | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *