Սեպտեմբերի 27-ին, Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) ցամաքային ուժերը ներկայացրել են իրանական արտադրության մարտական ռոբոտների արդիականացված տարբերակը: Այս մասին հայտնում է իրանական «Թասնիմ» լրատվական գործակալությունը:

Իրանական արտադրության մարտական ռոբոտ
Արդիականացման արդյունքում ռոբոտների վրա ավելացվել են գիշերային տեսանելիության և ջերմատեսիլ սարքեր, կտրտված տեղանքում ռոբոտի տեղաշարժը հեշտացնելու համար փոխվել են դրանց թրթուռները: Ռոբոտը կրում է 7,62մմ տրամաչափի գնդացիր:
Մարտական ռոբոտները Իրանը առաջին անգամ ներկայացրել է 2015թ փետրվարին:
Միաժամանակ Իրանի ցամաքային ուժերը համալրվել են նոր սպառազինությամբ. տեղական արտադրության «Նազիր» մարտական ռոբոտներով, հեռակառավարվող բուլդոզերներով:
«Նազիր» զրահապատ անվավոր ռոբոտը կարողանում է տեղափոխել մինչև 600 կգ բեռներ, ինչպես նաև իր վրա կարող է կրել երկու միավոր հակատանկային հրթիռ կամ դյուրակիր զենիթահրթիռային համալիրներ: Այն կարող է գործել ինչպես հեռակառավարմամբ, այնպես էլ նախապես ծրագրված առաջադրանքով՝ մինչև 2կմ հեռավորության վրա:
«Նազիր» ռոբոտն առաջին անգամ ներկայացվել է 2015թ. ապրիլին:

2015թ. ապրիլին Իրանում ներկայացված «Նազիր» անվավոր ռոբոտը՝ դյուրակիր զենիթահրթիռային համալիրներով