Ապրիլի 15-ին՝ Իրանի բանակի օրվանից երեք օր առաջ, երկրի ցամաքային զորքերը ներկայացրել են 5 նոր զինատեսակներ, որոնք բոլորը նախագծել են տեղացի մասնագետները: Այս մասին հայտնում է իրանական «Ֆարս» լրատվական գործակալությունը:
Ներկայացված զինատեսակները դեռ փորձնական մոդելներ են: Բացառություն է «Շահեր» դիպուկահար հրացանի նոր տարբերակը, որի նախորդ մոդելը նախկինում ևս ներկայացվել է ու կիրառվել է նաև զորավարժություններում:
Նոր ներկայացված զինատեսակներից «Աղարեբ» զրահապատ մեքենան իրանցիները կնքել են անվավոր տանկ անվանումով: Մեքենան պատրաստելու համար Իրանում խորհրդային ԲՏՌ-60 զրահափոխադրիչի իրանի վրա տեղադրել են սպառազինության մեջ եղած ամերիկյան M47 տանկի 90մմ տրամաչափով թնդանոթը: Մեքենայի պարզունակությունից ենթադրվում է, որ այն նախատեսված է հնարավոր ռազմական գործողությունների ժամանակ արագ պատրաստելու համար: Մեքենայի անձնակազմը 4 հոգի է:
«Ֆալաղ» թեթև թրթուռավոր մեքենան, որ դեռ չունի զրահ, կրում է 12,7մմ տրամաչափի գնդացիր և կտրտված տեղանքում կարողանում է շարժվել մինչև 100կմ/ժ արագությամբ (խճուղում՝ մինչև 130կմ/ժ): Մեկտեղանոց մեքենայի զանգվածն ընդամենը 4 տոննա է, գործողության շառավիղը՝ 400կմ: Այն նախատեսվում է կիրառել հետախուզական գործողությունների համար:
«Նազիր» անվանումով նոր զրահապատ անվավոր ռոբոտն իր հերթին կարողանում է տեղափոխել մինչև 600կգ բեռներ, ինչպես նաև տանիքին կարող է կրել երկու միավոր հակատանկային հրթիռներ կամ դյուրակիր զենիթահրթիռային համալիրներ: Այն կարող է գործել ինչպես հեռակառավարմամբ, այնպես էլ նախապես ծրագրված առաջադրանքով՝ մինչև 2կմ հեռավորության վրա:
Նոր է ներկայացվել նաև 23մմ տրամաչափի «Բահեր» նոր դիպուկահար «հրացանը» (20մմ տրամաչափից ավելի խոշոր զինատեսակները ընդունված է համարել թնդանոթ): Զրահահար փամփուշտներով այն կարող է խոցել նաև մինչև 4կմ հեռավորության վրա գտնվող զրահապատ թիրախներ: «Հրացանի» անձնակազմը երեք հոգի է, զանգվածը՝ 62կգ:
Ներկայացված մյուս հրացանը իրանական «Շահեր» դիպուկահար հրացանի նոր տարբերակն է, որի վրա տեղադրվել է 5-փամփուշտանոց պահունակ: Հրացանը կարող է խոցել մինչև 3կմ հեռավորությամբ թիրախներ:
Իրանական «ԻՌՆԱ» գործակալության համաձայն՝ ներկայացված զինատեսակներից բացի, Իրանում առաջիկայում նախատեսում են սպառազինության ընդունել նաև նոր «Ֆաթեհ» սուզանավը, որը փորձարկումների եզրափակիչ փուլում է:
Առաջիկայում սպասվելիք մյուս զինատեսակը իրանական «Թալաշ-2» և «Թալաշ-3» հակաօդային պաշտպանության նոր հրթիռային համակարգերն են: Նշվում է, որ դրանք ներկայացվելու են Իրանի բանակի օրը՝ ապրիլի 18-ին:
Pingback: Իրանի բանակի օրվա զորահանդեսը | Ռազմ.info
Pingback: Իրանը ցուցադրել է տեղական արտադրության ՀՕՊ համակարգերը | Ռազմ.info
Pingback: Իրանը ներկայացրել է սեփական արտադրության մարտական ռոբոտներ | Ռազմ.info