Թուրքիան մեծ քանակությամբ զինվորականներ է տեղաբաշխում Իրաքին սահմանակից շրջաններում

Ապրիլի 15-ին Թուրքիայի ԶՈւ-ն 70 միավոր «Քիրփի-7» զրահամեքենաներով զինվորականներ, զենք և զինամթերք է ուղարկել Իրաքի հետ սահմանին տեղակայված Չուքուրջա գավառ։ Օրվա մյուս կեսից սկսած ուղղաթիռներով զինվորականներ ու զինամթերք են տեղափոխվել նաև նույն նահանգի մյուս սահմանային գավառներ։ Այս մասին հայտնում է թուրքական «Իհլաս հաբեր» լրատվական գործակալությունը։

Թուրքիայի ԶՈւ UH-60 Black Hawk ուղղաթիռները թուրք-իրաքյան սահմանի մոտ

Թուրքիայի ԶՈւ UH-60 Black Hawk ուղղաթիռները թուրք-իրաքյան սահմանի մոտ

Նշվում է, որ 70 զրահամեքենաներից կազմված շարասյունը Հաքքարի նահանգի հատուկ նշանակության բրիգադից տեղափոխվել է սահմանային Չուքուրովա գավառ։ Նշենք, որ 1 միավոր «Քիրփի» զրահամեքենան կարող է տեղափոխել 15 մարդ (70 մեքենան՝ ընդհանուր մոտ 1000 զինծառայող)։

Գավառում զինվորականները տեղաբաշխվել են Ուզումլյու, Ուզունդերե, Քավուշաք, Ըշըքլը և Թիյար քրդաբնակ բնակավայրերի մոտ տեղակայված զինվորական բազաներում։

Կեսօրից հետո էլ նույն նահանգի Յուքսեքովա գավառում տեղակայված Թուրքիայի ԶՈւ 3-րդ դիվիզիայի հրամանատարության զորամասից ուղղաթիռները սկսել են զինվորականներ, զենք և զինամթերք տեղափոխել Շեմդինլի գավառ։

Նույն լրատվական գործակալությունն ավելի ուշ հայտնել է, որ զինվորականների կուտակումները կապված են Թուրքիայի իշխանությունների և «Քրդստանի աշխատավորական կուսակցության» (ՔԱԿ) զինյալների բախումների հետ: Թուրքիայի զինված ուժերը սկսել են մեծ քանակությամբ զինվորականներ և զինամթերք ուղարկել Հաքքարի նահանգ, որտեղից էլ զինվորականներն ուղարկվում են Իրաքին՝ մասնավորապես Իրաքի տարածքում գտնվող Քրդական Ինքնավարությանը սահմանակից գավառներ։

Նշենք, որ Թուրքիայի զինված ուժերը զինվորականների տեղաշարժերի հետ կապված դեռևս ոչ մի պաշտոնական հայտարարություն չեն տարածել:

Ենթադրվում է, որ տեղաշարժերի նպատակը կարող է լինել Իրաքյան Քրդստանից ՔԱԿ զինյալների հնարավոր ներհոսքը կասեցնելը:

One response to “Թուրքիան մեծ քանակությամբ զինվորականներ է տեղաբաշխում Իրաքին սահմանակից շրջաններում

  1. Pingback: Ռազմաշաբաթ․ Թուրքիա․ 12-18 ապրիլի, 2015 | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *