Բաքու է ժամանելու ՌԴ Կասպյան նավատորմի ռազմանավերից մեկը

Սեպտեմբերի 26-ին Ռուսաստանի ԶՈւ Կասպյան նավատորմի «Ուգլիչ» փոքր հրթիռային նավը դերծովակալ Սերգեյ Պինչուկի հրամանատարությամբ դուրս է եկել Մախաչկալայից և ուղևորվել Բաքու: Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ մամուլի ծառայությունը:

Կասպյան նավատորմիղի «Ուգլիչ» փոքր հրթիռային նավը

Կասպյան նավատորմիղի «Ուգլիչ» փոքր հրթիռային նավը

Հրթիռային նավը անձնակազմի հետ միասին Ադրբեջան է ժամանել այդ երկրի և Ռուսաստանի նավատորմների միջև համագործակցության ամրապնդման և զարգացման շրջանակում:

Բացի այդ նախատեսվում է, որ պատվիրակությունն այցելելու է Ադրբեջանում անցկացվող ADEX-2016 պաշտպանական միջազգային ցուցահանդեսին: Այցի շրջանակում նախատեսվում է նաև հանդիպում նավատորմի հրամանատարության և Ադրբեջանի ռազմածովային ուժերի հրամանատարության միջև:

Հիշեցնենք, որ ավելի վաղ՝ 2016-ի փետրվարին, Կասպյան նավատորմի հրամանատար, փոխծովակալ Իգոր Օսիպովը հայտարարել էր, որ ՌԴ ՌԾՈւ Կասպյան նավատորմի ռազմանավերը 2016-ի երկրորդ կեսին կայցելեն Իրանի, Ղազախստանի և Ադրբեջանի նավահանգիստներ:

Նշենք, որ սեպտեմբերի 20–22-ը  Աստրախանի շրջանում և Կասպից ծովի ջրերում Ռուսաստանի, Ադրբեջանի, Իրանի, Ղազախստանի և Թուրքմենստանի արտակարգ իրավիճակների գերատեսչությունների մասնակցությամբ անցկացվել է  «Կասպից-2016» միջազգային զորավարժությունը, որում ներգրավված է  ավելի քան 600 մարդ, 100 միավոր տեխնիկա:

 

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *