Ռուսաստանում զորավարժություն է անցկացվել «Իսկանդերներով»

Ռուսաստանի զինված ուժերի հարավային ռազմական շրջանի (տեղակայված է Կովկասում և դրանից հյուսիս ընկած տարածքում) ստորաբաժանումներն «Իսկանդեր-Մ» օպերատիվ-մարտավարական հրթիռային համալիրներից հրթիռների 30 պայմանական արձակում են իրականացրել: Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ կայքը:

ՌԴ ԶՈւ Իսկանդեր-Մ ՕՄՀՀ-ները հրթիռների համաժամանակյա արձակման ժամանակ

ՌԴ ԶՈւ Իսկանդեր-Մ ՕՄՀՀ-ները հրթիռների համաժամանակյա արձակման ժամանակ

Ստորաբաժանումները հրթիռներն արձակել են երկամսյա դաշտային վարժանքների ընթացքում, որոնք անցկացվել են Ռուսաստանի Աստրախան քաղաքի մոտ տեղակայված «Կապուստին Յառ» զորավարժարանում:

30 էլեկտրոնային (պայմանական) արձակումներից բացի, զինծառայողները կատարել են նաև 2 իրական հրթիռի արձակում: Թիրախների խոցման արդյունավետության մասին տեղեկություններ չեն տրամադրվում:

Վարժանքներին ներգրավված է եղել 450 զինծառայող և մոտ 140 միավոր ռազմական տեխնիկա:

Տեղին է նշել, որ Հայաստանի Հանրային հեռուստաընկերության «Ամուր՝ մեր լեռների պես» ռեպորտաժի համաձայն՝ «Իսկանդեր» համալիրների հայկական անձնակազմերը նախկինում նույնպես իրենց պարապմունքներն անցկացրել են Ռուսաստանում: Իրական հրթիռների արձակման ժամանակ հայաստանցի զինծառայողները թիրախները խոցել են անվրեպ:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *