Ադրբեջանի ԶՈւ-ն նոր ինքնասպան ԱԹՍ-ներ կստանա

Սեպտեմբերի 27-ին Ադրբեջանում անցկացվող ADEX-2016 ռազմարդյունաբերական ցուցահանդեսի շրջանակներում Ադրբեջանի պաշտպանության և ռազմարդյունաբերության նախարարները ստորագրել են Ադրբեջանի զինուժին «Զարբա» ԱԹՍ-ներ մատակարարելու համաձայնագիր: Այս մասին հայտնում է Ադրբեջանի ՊՆ կայքը:

Իսրայելական արտադրության Orbiter 1K ինքնասպան ԱԹՍ-ի արդբեջանական տարբերակ

Իսրայելական արտադրության Orbiter 1K ինքնասպան ԱԹՍ-ի արդբեջանական տարբերակ

Նշվում է, որ խոսքը «ադրբեջանական արտադրության «Զարբա» հարվածային անօդաչու թռչող սարքերի» մասին է: Սակայն ԱԹՍ-ի արտաքին տեսքի ուսումնասիրությունից պարզ է դառնում, որ այն իսրայելական Aeronautics Defense Systems ընկերության արտադրության Orbiter-2 (Օրբիտեր-2Մ) անօդաչուի հիմքի վրա նույն ընկերությունում 2015 թվականից արտադրվող Orbiter-1K ինքնասպան ԱԹՍ-ի՝ Ադրբեջանում արտադրվող տարբերակն է:

Orbiter-1K-ն կրում է 1-2 կգ պայթուցիկ նյութ (մարտագլխիկ) և տեսախցիկ:

Orbiteri-1K ինքնասպան ԱԹՍ-ի մարտավարատեխնիկական բնութագրերի միայն մի մասն է հրապարակվում, սակայն առկա տվյալների (1, 2) համաձայն՝ այն կարող է թռչել 2-3 ժամ: Թռիչքի առաստաղը կազմում է շուրջ 5500 մ:

Գործողության ընթացքում սարքի օպերատորն ԱԹՍ-ին կարող է հրահանգել, որ այն չեղարկի ինքնաոչնչացումը և վերադառնա բազա: Սարքն արձակվում է կատապուլտի օգնությամբ, վայրէջք է կատարում պարաշյուտով կամ օդային բարձիկով։

Հավելենք, որ Ադրբեջանը իսրայելական ընկերության հետ 2009-ին կնքած պայմանագրի համաձայն իր տարածքում հիմնել է իսրայելական Orbiter և Aerostar տեսակի հետախուզական ԱԹՍ-ներ արտադրող Azad Systems ընկերությունը։ ԱԹՍ-ներ արտադրող գործարանը սկսել են շահագործել 2011-ի գարնանից։

Ավելացնենք, որ ինքնասպան («կամիկաձե») անօդաչու թռչող սարքերը իրենց տեսախցիկների միջոցով հայտնաբերում են թիրախները, ընկնում են դրանց վրա և պայթում՝ թիրախը խոցելու համար:

Ապրիլյան պատերազմի ժամանակ ադրբեջանական զինուժն արդել կիրառել է իսրայելական արտադրության նմանատիպ ԱԹՍ-ներ: Հայկական կողմն իր հերթին կարողացել է ոչնչացնել այդ ԱԹՍ-ներից մի քանի հատ:

Ադրբեջանի զինուժի խոցված ԱԹՍ-ի բեկորներ. լուսանկարը՝ Արշակ Զաքարյանից

Ադրբեջանի զինուժի խոցված ԱԹՍ-ի բեկորներ. լուսանկարը՝ Արշակ Զաքարյանից

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *