Սեպտեմբերի 27-ին Բաղդադում 2 ահաբեկչության արդյունքում զոհվել է ամենաքիչը 20 մարդ, վիրավորվել՝ 55-ը: Այս մասին հայտնում է արաբական Aljazeera գործակալությունը՝ հղում անելով տեղի բժշկական և ոստիկանական կառույցներին:
Առաջին պայթունը եղել է սեպտեմբերի 27-ին. Բաղդադի արևելքում՝ Ջադիդա թաղամասի առևտրական փողոցում, մահապարտ ահաբեկիչը պայթեցրել է իրեն շինարարների հավաքատեղիի մոտ: Կա 8 զոհ, 29 վիրավոր: «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումն արդեն իր վրա է վերցրել պատասխանատվությունն ահաբեկչության համար:
Գրեթե նույն ժամանակահատվածում մեկ այլ մահապարտ ահաբեկիչ իրեն պայթեցրել է քաղաքի հարավում` շիաբնակ Բայա թաղամասում: Սկզբնական տվյալներով՝ հայտնի էր 6 զոհի մասի, 26 վիրավորի մասին: Հետագայում զոհերի թիվը հասավ 9-ի, իսկ պաշտոնական մարմինները չեն բացառում զոհերի թվի հետագա աճը:
Ահաբեկչության համար դեռևս ոչ մի խմբավորում պատասխանատվություն չի վերցրել իր վրա, սակայն ԻՊ-ը հաճախ է քաղաքի շիա թաղամասում ահաբեկչություններ իրականացնում:
Հիշեցնենք, որ Իրաքում և Սիրիայում «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպությունը հսկայական տարածքներ է զավթել հիմնականում 2014-ին ու շարունակում է իր ահաբեկչական գործունեությունը մինչև հիմա:
Վերջին 2 տարում ԻՊ-ի վերահսկած տարածքները նվազել են 12 տոկոսը, և հիմա ահաբեկչական կազմակերպությունը զբաղեցնում է մոտ 68 հազար քկմ՝ Սիրիայում և Իրաքում:
Կազմակերպության դեմ պայքարում են ինչպես Սիրիայի և Իրաքի կառավարական ուժերը, այնպես էլ ԱՄՆ-ի գլխավորությամբ ստեղծված միջազգային կոալիցիան, Ռուսաստանը, Իրանը: