Ռազմաշաբաթ. Տարածաշրջան. 12 – 18 փետրվարի, 2017

Ադրբեջանում ինքնաբուխ դիվերսանտների հերոսացումը բերում է նման նորանոր դիվերսիաների • Փետրվարի 16-ին ԱՄՆ և ՌԴ զինված ուժերի ԳՇ պետերը հանդիպել են Բաքվում • Վրաստանում կստեղծվի ռազմական պատրաստության միջազգային կենտրոն • ԱՄՆ-ն մտադիր է արաբական երկրների դաշինք ստեղծել ընդդեմ Իրանի. WSJ • Իրանի լիազորությամբ Ռուսաստանի օդուժը կարող է թռիչքներ իրականացնել Իրանի օդային տարածքով • Իրանի հարավում վթարվել է այդ երկրի ՌԾՈւ անօդաչու թռչող սարք • Իրանական Բասիջը զորավարժություն է անցկացնում երկրի հարավ-արևելքում • Իրանի նավախումբը հետ է մղել ծովահենների հերթական հարձակումը • Իրանում ԻՊ անդամներ են ձերբակալվել •  Ալ Բաբի շրջանում Թուրքիայի ԶՈւ զրահատեխնիկայի կորուստների վերլուծություն • Թուրքական զինուժը Կարսում ձմեռային վարժանքներ է անցկացրել • Ամերիկյան F-35 կործանիչների գինը կարող է նվազել 16 տոկոսով • Թուրքիայի զինուժը ԻՊ-ից գրավել է Սիրայի հյուսիսային Ալ-Բաբ քաղաքի կենտրոնի մի մասը • Թուրքիան փորձում է ԱՄՆ-ի հետ համաձայնեցնել Սիրիայի քրդերի դեմ գործողությունները • Թուրքիայի ՊՆ. ԱՄՆ-ն կմեծացնի աջակցությունը Սիրիայում Թուրքիայի ԶՈւ գործողություններին • Սիրիայում սպանվել է Թուրքիայի ԶՈւ ևս 2 զինծառայող, թուրքամետ 7 զինյալ • Թուրքիայի ժանդարմերիան վարժանքներ է անցկացրել երկրի արևելքում • ՆԱՏՕ-ն չի քննարկում սիրիական պատերազմին մասնակցելու հարցը • Աստանայում մեկնարկել է Սիրիայի հարցով բանակցությունների երկրորդ փուլը • Սիրիայի զինուժը շարունակում է մարտերը Դեր Զորում ԻՊ զինյալների դեմ • Ինգուշեթիայից Ռուսաստանի ՊՆ ռազմական ոստիկանության գումարտակ է ուղարկվել Սիրիա • ՆԱՏՕ-ն ուժեղացնում է իր ներկայությունը Սև ծովում

Քրդական «Ժողովրդական ինքնապաշտպանության ջոկատ» խմբավորման զինյալները • Թուրքական զինուժի վարժանքներ Կարսում. 14-16 փետրվարի 2017 թ. •Ալ Բաբում խոցված Թուրքիայի ԶՈւ Leopard-2A4-195-528 կողային համարով տանկ • ՌԴ ԶՈւ ԳՇ պետը և Ադրբեջանի ՊՆ նախարարը

Քրդական «Ժողովրդական ինքնապաշտպանության ջոկատ» խմբավորման զինյալները • Թուրքական զինուժի վարժանքներ Կարսում. 14-16 փետրվարի 2017 թ. • Ալ Բաբում խոցված Թուրքիայի ԶՈւ Leopard-2A4-195-528
կողային համարով տանկ • ՌԴ ԶՈւ ԳՇ պետը և Ադրբեջանի ՊՆ նախարարը

Ադրբեջան / Վրաստան

• 2010 թվականին Մուբարիզ Իբրահիմովի ու Ֆարիդ Ահմեդովի հերոսացումը բերեց նրան, որ դեկտեմբերին Տավուշի դիրքերում սպանված ադրբեջանցի զինծառայող Չինգիզ Գուրբանովը «երազում էր շեհիդ դառնալ»։ Եվ դարձավ: Այս ամենը խոսում է Ադրբեջանի բանակում ինքնագլուխ գործողությունների մասին, որոնք ցավոք շարունակվելու են, քանի որ Գուրբանովը ևս հերոսացվեց Ադրբեջանում:

• Փետրվարի 16-ին Ադրբեջանում կայացած հանդիպման ընթացքում Ռուսաստանի ԶՈւ ԳՇ պետ, բանակի գեներալ Վալերի Գերասիմովը ԱՄՆ զինված ուժերի ԳՇ պետ գեներալ Ջո Դանֆորդի հետ քննարկել են կողմերի ռազմական համագործակցությունը՝ պոտենցիալ ճգնաժամերը կանխարգելելու հարցում: Ամերիկյան կողմը, սակայն, նշում է, որ որևէ քաղաքական խնդիր չի քննարկվել։

Բաքվում հանդիպել են Ռուսաստանի ԶՈւ ԳՇ պետ, բանակի գեներալ Վալերի Գերասիմովի և ԱՄՆ ԶՈւ ԳՇ պետ գեներալ Ջո Դանֆորդի գլխավորած պատվիրակությունները

Բաքվում հանդիպել են Ռուսաստանի ԶՈւ ԳՇ պետ, բանակի գեներալ Վալերի Գերասիմովի և ԱՄՆ ԶՈւ ԳՇ պետ գեներալ Ջո Դանֆորդի գլխավորած պատվիրակությունները

• ԱՄՆ-ն գերմանական Հոհենֆելսում ունեցած իր բազայի նմանությամբ ռազմական պատրաստության կենտրոն կկառուցի Վրաստանում։ Կառուցման աշխատանքների մեկնարկի մանրամասները քննարկելու համար Վրաստան է ժամանել ամերիկյան CUBIC կորպորացիայի խորհրդականների խումբ։

 

Իրան

• ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կառավարությունը արաբական երկրների կառավարությունների հետ քննարկում է Իրանի դեմ ուղղված ռազմական դաշինքի ստեղծումը։ Կոալիցիայի կազմում կարող են լինել Սաուդյան Արաբիան, Արաբական Միացյալ Էմիրությունները, Եգիպտոսը, Հորդանանը։

• Անհրաժեշտության դեպքում և համապատասխան հայտարարության առկայության պարագայում հնարավոր է ռուսական ինքնաթիռներին թույլատրվի Իրանի օդային տարածքով օժանդակել Սիրիայում ցամաքային գործողություններին։

• Փետրվարի 12-ին Իրանի բանակի ռազմածովային ուժերին պատկանող ուսումնական անօդաչու թռչող սարք է վթարվել։ Իրանի ՌԾՈՒ դերծովակալ Ռեզա Աբասիի խոսքերով՝ շարժիչի մարելու հետևանքով անօդաչուն կորցրել է կառավարումը, բախվել էլեկտրալարերին և հրդեհվել։

Իրանի ՌԾՈւ անօդաչու թռչող սարք

Իրանի ՌԾՈւ անօդաչու թռչող սարք

• Փետրվարի 19-ին  Իրանի հարավարևելյան Սիստան և Բելուջիստան նահանգում մեկնարկել է Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) Բասիջ կազմավորման զորավարժությունը։ Վարժանքներին ներգրավվել է 98 բրիգադ (76 տղամարդկանց , 22 կանանց)։

• Բաբ էլ Մանդեբի նեղուցում ծովահենների 11 նավ հարձակվել են իրանական առևտրային նավի վրա, սակայն այդ շրջաններում հերթապահություն իրականացնող իրանական 44-րդ նավախմբին հաջողվել է հակահարված տալ:

• Փետրվարի 3-9-ը Իրանի հետախուզության և անվտանգության ուժերը Թեհրանի հարակից շրջաններում և արևմտյան ու արևելյան որոշ նահանգներում իրականացրած հակաահաբեկչական գործողությունների արդյունքում ձերբակալել են 8 ահաբեկչի։ Ահաբեկիչները Իրանի քաղաքացիներ չեն եղել։

 

Թուրքիա

• Թուրքիայի զինված ուժերը 6 ամիս է, ինչ ներխուժել են Սիրիայի տարածք՝ Իսլամական պետություն ահաբեկչական խմբավորմանը հակազդելու պատրվակով և երկար ժամանակ է՝ գրոհում են Սիրիայի հյուսիսում Ալ Բաբ քաղաքը: Քաղաքի գրոհի և մյուս ռազմական գործողությունների ընթացքում թուրքական զինուժը չի խուսափել կորուստներից: Ամերիկյան Bellingcat կենտրոնը հետազոտել և նույնականացրել է Ալ Բաբի շրջանում թուրքական խոցված տեխնիկայի քանակը և մոտավոր տեղանքը:

Ալ Բաբի ջրջանում Թուրքիայի ԶՈւ վնասված և ոչնչացված զինտեխնիկան

Ալ Բաբի ջրջանում Թուրքիայի ԶՈւ վնասված և ոչնչացված զինտեխնիկան

• Թուրքական զինուժի ցամաքային զորքերի 3-րդ բանակի զինծառայողները փետրվարի 14-16-ին Կարսի «Աքբաբա» զորավարժարանում անցկացրել են «Ձմեռային վարժանքներ-2017» զորավարժության ակտիվ փուլը:

• Ամերիկյան F-35 կործանիչ-ռմբակոծիչ ինքնաթիռների գինը 95 մլն ամերիկյան դոլարից կարող է նվազել մինչև 80 մլն դոլար: Բայց սա կվերաբերի հետագա պատվերներին, ոչ թե արդեն պատվիրված ինքնաթիռներին: Ընդ որում՝ առաջիկա 3 տարիներին Թուրքիան ևս մտադիր է պատվիրել այս ինքնաթիռներից։

• Թուրքիայի զինուժը և նրան աջակցող «Սիրիայի ազատ բանակ» խմբավորման զինյալները «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալներից գրավել են Սիրիայի հյուսիսային Ալ-Բաբ քաղաքի կենտրոնի 40 տոկոսը: Փետրվարի 17-ին՝ ՆԱՏՕ-ի պաշտպանության նախարարների հանդիպումից հետո, Թուրքիայի պաշտպանության նախարար Ֆիքրի Ըշըքը լրատվամիջոցներին հայտնել է, որ իրենք ներկայում բանակցում են ԱՄՆ-ի հետ՝ Սիրիայի Ալ-Բաբ քաղաքը գրավելուց հետո տեղի քրդական ուժերի դեմ գործողություններ սկսելու հարցը համաձայնեցնելու համար, սակայն դեռ արդյունք չկա։

• Փետրվարի 16-ին ՆԱՏՕ-ի պաշտպանության նախարարների հանդիպման շրջանակներում Թուրքիայի պաշտպանության նախարարն առաջին անգամ հանդիպել է ամերիկյան գործընկեր Ջեյմս Մետտիսին: Կողմերը քննարկել են Սիրիայում Թուրքիայի ԶՈւ գործողությունները և համագործակցությանը վերաբերող հարցեր:

Թուրքիայի ՊՆ Ֆիքրի Ըշըքը (աջից) և ԱՄՆ ՊՆ նորանշանակ ղեկավար Ջեյմս Մետտիսը

Թուրքիայի ՊՆ Ֆիքրի Ըշըքը (աջից) և ԱՄՆ ՊՆ նորանշանակ ղեկավար Ջեյմս Մետտիսը

• Փետրվարի 12-ին Սիրիայում «Իսլամական պետություն» խմբավորման դեմ մարտերում, համաձայն Թուքրիայի ԶՈւ գլխավոր շտաբի հայտարարության, սպանվել է Թուրքիայի ԶՈւ առնվազն երկու զինծառայող, ևս երեքը՝ վիրավորվել:

• Փետրվարի 14-ին Թուրքիայի հարավային Հաթայ նահանգի Դորթյոլ գավառում Թուրքիայի զինուժի և PKK-ի զինյալների բախումներում սպանվել է Թուրքիայի ԶՈւ 1 զինծառայող: Փետրվարի 15-ին Սիրիայի հյուսիսային Ալ-Բաբ քաղաքի հարավում՝ Թուրքիայի զինուժի գտնվելու վայրում, «Իսլամական պետություն» զինյալները պայթուցիկներով լցված մեքենա են պայթեցրել: Սպանվել է Թուրքիայի զինուժին աջակցող «Սիրիայի ազատ բանակ» խմբավորման 7 զինյալ, Թուրքիայի ԶՈւ-ն կորուստներ չունի:

• Փետրվարի առաջին շաբաթվա ընթացքում Թուրքիայի ՆԳՆ ժանդարմերիայի հատուկ նշանակության ստորաբաժանումները PKK-ի զինյալների «հայտնաբերման և չեզոքացման» վարժանքներ են անցկացրել Հայաստանի սահմանին մոտ տեղակայաված Աղրը նահանգում և Թունջելիում (Դերսիմ):

Սիրիա / Այլ

• Փետրվարի 16-ին ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հայտարարել է, որ Սիրիայում ընթացող պատերազմին կառույցի մասնակցությունը սահմանափակվում է միայն ԱՄՆ գլխավորած կոալիցիայի գործողություններին օդային վաղ նախազգուշացման և վերահսկման օդային համակարգերով սպառազինված ինքնաթիռների (AWACS) կիրառմամբ: Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղարը նշել է, որ իրենք առայժմ չեն քննարկում Սիրիայում ռազմական գործողություններին մասնակցելու տարբերակը:

Աստանայի բանակցություններում Սիրիայի զինված ընդդիմության ներկայացուցիչներից

Աստանայի բանակցություններում Սիրիայի զինված ընդդիմության ներկայացուցիչներից (արխիվ)

• Փետրվարի 16-ին Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում մեկնարկել է սիրիական հակամարտության հարցով հերթական քննարկումը՝ Սիրիայի կառավարական և որոշակի ընդդիմադիր ուժերի, Ռուսաստանի, Թուրքիայի, Իրանի, Հորդանանի և ՄԱԿ-ի ներակայացուցիչների մասնակցությամբ:

• Փետրվարի 13-ին Սիրիայի կառավարական բանակը երկրի արևելյան Դեր Զոր քաղաքի մոտակայքում ոչնչացրել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալների մեկ խումբ՝ ամբողջական կազմով: Կառավարական ուժերը ոչնչացրել են ԻՊ զինյալների զինամթերքի պահեստ և գնդացրով սպառազինված մեքենա:

• Փետրվարի 13-ին Ինգուշեթիայի ղեկավար Յունուս-բեկ Էվկուրովը հայտարարել է, որ Ինգուշեթիայից Ռուսաստանի ՊՆ ռազմական ոստիկանության գումարտակը ուղարկվել է Սիրիա: Նշվում է, որ գումարտակն ապահովելու է Սիրիայում ՌԴ ԶՈւ ավիախմբի և Սիրիայում կռվող զինյալ խմբավորումների հաշտեցման կենտրոնի աշխատակիցների անվտանգությունը:

ՆԱՏՕ-ի ռազմանավերը Սև ծովում

ՆԱՏՕ-ի ռազմանավերը Սև ծովում

• ՆԱՏՕ-ն զորավարժությունների անցկացման ու տեղեկատվության հավաքման նպատակով ուժեղացնում է Սև ծովում իր ներկայությունը։ Ըստ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի՝ ռազմածովային ներկայությունը ուժեղացվում է ՆԱՏՕ-ի միջազագային պարտավորություններին համապատասխան, բոլոր միջոցառումները պաշտպանական բնույթ ունեն ու լարվածությունը ուժեղացնելու նպատակ չեն հետապնդում։

Տարածաշրջանի նախորդ ռազմաշաբաթն այստեղ։

Հայաստանի ընթացիկ ռազմաշաբաթն այստեղ։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *