Փետրվարի 16-ին ՆԱՏՕ-ի պաշտպանության նախարարների հանդիպման շրջանակներում Թուրքիայի պաշտպանական գերատեսչության ղեկավար Ֆիքրի Ըշըքը առաջին անգամ հանդիպել է ամերիկյան գործընկեր Ջեյմս Մետտիսին: Կողմերը քննարկել են Սիրիայում Թուրքիայի ԶՈւ գործողությունները և համագործակցությանը վերաբերող հարցեր: Այս մասին հայտնում է Թուրքիայի ՊՆ կայքը:
Թուրքական գերատեսչության հաղորդմամբ՝ ԱՄՆ պաշտպանության նախարարը նշել է, որ իրենք կընդլայնեն օգնությունը թուրքական զինուժին՝ Սիրիայում տարվող ռազմական գործողությունների շրջանակներում:
Թուրքիայի ՊՆ ղեկավարն իր հերթին մեկ անգամ ևս շեշտել է Թուրքիայի դիրքորոշումն առ այն, որ իրենք Սիրիայի քրդական «ինքնապաշտպանության ջոկատներին» (YPG) դիտարկում են որպես «ահաբեկչական կառույց» և կոչ են անում ԱՄՆ-ին դադարեցնել աջակցությունն այդ կառույցին:
Նշենք, սակայն, որ ամերիկյան գերատեսչությունն առայժմ հանդիպման վերաբերյալ որևէ տեղեկություն չի տարածել:
Ավելի վաղ նույն պահանջով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին դիմել էր Թուրքիայի նախագահ Էրդողանը: Թուրքական կողմի հաղորդմամբ՝ կողմերը որոշակի համաձայնության եէին հասել սիրիական Ալ-Բաբը և Ռաքքան իսլամիստներից համատեղ ջանքերով վերցնելու մասով:
Այնուհետև սիրիական հակամարտության շուրջ բանակցելու նպատակով Թուրքիա էր այցելել ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչության պետը:
Չնայած Թուրքիայի պահանջներին՝ Միացյալ Նահանգները զրահապատ մեքենաներ էր տրամադրել քրդերից ու արաբներից կազմված «Սիրիայի դեմոկրատական ուժեր» (SDF) խմբավորմանը, որի կազմում հիմնական ուժը հենց YPG քրդական զորաջոկատներն են:
Pingback: Թուրքիան փորձում է ԱՄՆ-ի հետ համաձայնեցնել Սիրիայի քրդերի դեմ գործողությունները | Ռազմ.info