Ադրբեջանում ինքնաբուխ դիվերսանտների հերոսացումը բերում է նման նորանոր դիվերսիաների

2010թ հունիսի 18-ին Արցախի հյուսիս-արևմտյան հատվածում, Չայլու գյուղի մոտ տեղի ունեցած ընդհարման ժամանակ զոհվեցին Պաշտպանության Բանակի զինծառայողներ Ռոբերտ Գասպարյանը, Արայիկ Բարսեղյանը, Էդվարդ Մանուկյանը, Պարույր Մելքոնյանը։ Եվս չորս զինծառայող վիրավորվեցին։ Ադրբեջանական կողմից սպանվեց ենթասպա Մուբարիզ Իբրահիմովը, ում դիակը մնաց հայկական խրամատներում։

Ադրբեջանում հերոսացված զինծառայող Մուբարիզ Իբրահիմովը

Ադրբեջանում հերոսացված զինծառայող Մուբարիզ Իբրահիմովի նկարը

Գրեթե անմիջապես ընդհարման շուրջ սկսեցին ձևավորվել տարատեսակ առասպելներ, ինչը դժվարացնում է կատարվածի իրական պատկերի վերականգնումը, սակայն, ըստ ամենայնի Մուբարիզ Իբրահիմովը գործել էր միայնակ ու առանց հրամանի։ Նման ինքնագործունեությունը բացարձակ չի տեղավորվում զինվորական կարգապահության ու զինվորական պրոֆեսիոնալիզմի շրջանակներում. կանոնավոր բանակներում, անկախ գործողության փաստացի արդյունքից, նման երևույթների դեմ խստորեն պայքարում են։ Հասկանալի է, որ ինքնագործունեության դեմ այդ պայքարն ինքնանպատակ չէ և ունի ռացիոնալ հիմք. նման երևույթները կարող են հանգեցնել անցանկալի հետևանքների ու կորուստների, այդ թվում՝ ռազմական և քաղաքական։ Օրինակ՝ անգամ 8 ամիս հետո Իբրահիմովի գործողության համար հայերը վրեժ էին լուծում, ինչպես պնդում է 2011 թ. փետրվարին մեկ միջադեպում սպանված 7 ադրբեջանցի դիրքապահներից մեկի հարազատը ։

Սակայն շուտով հասկանալի դարձավ, որ Ադրբեջանում զինծառայողների ինքնագործունեության մասին այլ պատկերացումներ ունեն։ Արդեն հուլիսի 22-ին Ադրբեջանի նախագահը Իբրահիմովին հետմահու շնորհեց Ադրբեջանի ազգային հերոսի կոչում, իսկ հետագա տարիներին էլ Իբրահիմովը դարձավ ադրբեջանցիների ռազմական առասպելաբանության հիմնական հերոսներից մեկը։ Կարող է թվալ, թե Ալիևի այդ քայլն արվեց դեպքի հասարակական մեծ հնչողության պատճառով, սակայն մեր կարծիքով գործ ունենք պետական նպատակային քաղաքականության հետ ու ստորև կփորձենք օրինակներով հիմնավորել մեր այդ տեսակետը։

Առհասարակ մարդը արարածին բնորոշ յուրահատկություններից մեկն ուրիշներին ընդօրինակելու հատկությունն է։ Մեր գիտելիքների ու հմտությունների մի զգալի մասը մենք ձեռք ենք բերում հենց շրջապատում տեսածն ընդօրինակելով և մեր վարքը նույնպես հաճախ պայմանավորված է ընդօրինակելու ձգտմամբ։ Մեդիահնչեղություն ստանալուց ու միֆականացվելուց հետո ընդօրինակման առարկա դարձավ նաև Մուբարիզի արարքը. 2010թ. սեպտեմբերի 4-ին նորից Մարտակերտի հատվածում Պաշտպանության Բանակի դիրքեր միայնակ ներթափանցելու փորձ կատարեց ավագ լեյտենանտ Ֆարիդ Ահմեդովը։ Մեր խրամատ ներթափանցած ադրբեջանցու հետ ձեռնամարտի բռնված շարքային Արման Մանուկյանը կարողանում է գետնին տապալել Ահմեդովին, իսկ օգնության հասած Խաչատուր Բաղդասարյանը սպանում է դիվերսանտին։ Նկատենք, որ այս դեպքում էլ գործող անձը կրկին պրոֆեսիոնալ զինվորական էր, ավելին՝ սպա էր ու, ըստ ամենայնի, կրկին գործել էր ինքնակամ։ Ուշագրավ է, որ Ահմեդովը նույնպես, չնայած ձախողմանը, դարձավ ադրբեջանական ռազմական առասպելաբանության կենտրոնական կերպարներից մեկը։

Ադրբեջանի խորհրդարանի պատգամավոր (և Ադրբեջանի առաջին տիկնոջ ազգական) Գանիրա Փաշաևան 2010 թվականի սեպտեմբերին վավերագրական ֆիլմ նկարահանեց Ահմեդովի մասին, և նրան նվիրված երգ ձոնեց։ Ահմեդովի անունով անվանակոչվեցին դպրոց և փողոց, իսկ Թուրքիայում՝ նույնիսկ տանկեր։ Թուրքական ռազմահայրենասիրական հեռուստասերիալներից մեկում էլ նրան նվիրված մի քանի դրվագ ներառվեց։ Առ այսօր էլ գրեթե ամեն օր ադրբեջանական սոցցանցերում Մուբարիզին ու Ֆարիդին գովաբանող նյութեր են հայտնվում. գրառումներ, լուսանկարներ, կոլաժներ, և այլն։

Մուբարիզ Իբրահիմովի պատմությունը կրկնվեց նաև 2016թ. դեկտեմբերի 29-ին։ Ադրբեջանցի զինծառայող Չինգիզ Գուրբանովը ներթափանցել էր Տավուշի մարզի Չինարի գյուղի հատվածում գտնվող դիրքեր։ Փոխհրաձգության ժամանակ հայկական կողմից զոհվել էին ավագ լեյտենանտ Շավարշ Մելիքյանը, շարքայիններ Էդգար Նարայանը և Էրիկ Աբովյանը։ Ու կրկին, կան հիմքեր կարծելու, որ Գուրբանովը գործել է ինքնակամ, առանց հրամանի։ Դեպքից կարճ ժամանակ հետո Գուրբանովը սկսեց հերոսացվել ադրբեջանական հասարակությունում, իսկ այն բանից հետո, երբ Հայաստանը 2017թ. փետրվարի 5-ին Գուրբանովի դիակը վերադարձրեց ադրբեջանական կողմին , Իլհամ Ալիևն արդեն պաշտոնապես շնորհեց նրան Ադրբեջանի ազգային հերոսի կոչում ։ Ընդ որում թաղման և մեծարման արարողությունները գրեթե նույնությամբ կրկնում էին Մուբարիզ Իբրահիմովի թաղման և մեծարման արարողությունները։ Ուշագրավ է, որ դեպքից հետո Գուրբանովի հարազատներից մեկը լրագրողներին պատմել էր, որ Գուրբանովը «երազում էր շեհիդ դառնալ»։

Ամեն դեպքում, մենք տեսնում ենք, որ ադրբեջանական իշխանությունները ոչ միայն չեն պայքարում զինվորական կարգապահության այպիսի խախտումների դեմ, այլև խրախուսում են դրանք։ Այլ բառերով ասած՝ ազգային հերոսի կոչում շնորհելով Մուբարիզ Իբրահիմովին և Չինգիզ Գուրբանովին, Իլհամ Ալիևն իր բանակի զինծառայողներին ընդօրինակման օրինակներ է տալիս և ասում. «գնացեք ու ինչ գնով էլ լինի հայ սպանեք և կարժանանաք ամենաբարձր պատիվների ու պարգևների»։

Այստեղ տեղին ենք համարում հիշել նաև ավելի վաղ, 2004թ. փետրվարի 19-ին Բուդապեշտում լեյտենանտ Գուրգեն Մարգարյանի սպանությունը , թեև դեպքը տեղի էր ունեցել խրամատներից ու ռազմաճակատի գծից հեռու։ Մարդասպանը՝ այն ժամանակ ավագ լեյտենանտ Ռամիլ Սաֆարովը, գնալով այդ հանցագործության, չէր կարող չգիտակցել, թե ինչ հարված դա կարող է հասցնել իր երկրի հեղինակությանը։ Չէր կարող չգիտակցել, քանի որ պատահական սպա չէր, լուրջ պատրաստություն էր անցել ինչպես Ադրբեջանում, այնպես էլ Թուրքիայում ու առհասարակ լրիվ պատահական մարդկանց չեն ուղարկում ներկայացնելու երկիրը միջազգային միջոցառումներին։ Եվ այնուամենայնիվ, նա անտեսել էր իր պրոֆեսիոնալ պարտականությունները՝ տվյալ դեպքում իր երկիրը պատշաճ ներկայացնելը։ Ինչպես հայտնի է. երկիրը «գնահատեց» Սաֆարովի արարքը։ Դեռ Հունգարիայում գտնվելով, Սաֆարովն արդեն իսկ Ադրբեջանում ժողովրդական հերոսի ստատուս ձեռք բերեց, իսկ Ադրբեջան վերադառնալուց հետո էլ պետական ամենալայն խրախուսանքների արժանացավ։

Դիտարկենք մեկ այլ օրինակ էլ ապրիլյան պատերազմից։ Սեյսուլանի ուղղությամբ հարձակված ադրբեջանցի հատուկ ջոկատայինները գրավված հայկական դիրքում, չնայած դիրքի համար շարունակվող մարտին, դիակների խոշտանգման համար ժամանակ էին գտել։ Ինչպես հայտնի է, հետագայում նրանք նույնպես Ադրբեջանի նախագահի կողմից արժանացան խրախուսանքի, թեև գրաված դիրքը չէին կարողացել պահել։ Ադրբեջանական հասարակությունն էլ իր նախագահից հետ չմնաց և ոգևորված էր իր հաջուկջոկատայինների արարքներով։

Այսպիսով, ունենք մի շարք օրինակներ, երբ լրիվ տարբեր իրավիճակներում ադրբեջանցի զինվորականները, այդ թվում՝ առավելապես պրոֆեսիոնալ զինվորականները (նշված օրինակներում ժամկետային զինծառայող էր միայն Չինգիզ Գուրբանովը), անտեսում են զինվորական կարգապահության և տարրական պրոֆեսիոնալիզմի պահանջները՝ գնալով ինքնակամ գործողությունների։ Ընդ որում՝ այդ գործողությունների հետևանքով Ադրբեջանը հաճախ կրում է ինչպես մարդկային, այնպես էլ ռեպուտացիոն կորուստներ։

Հատուկ ցանկանում ենք ընդգծել, որ այստեղ խոսելով ադրբեջանցի զինծառայողների ոչ պրոֆեսիոնալիզմի մասին, մենք որևէ դեպքում նկատի չունենք նրանց մասնագիտական գիտելիքներն ու հմտությունները. մենք կտրուկ դեմ ենք ադրբեջանցիներին թերագնահատելու բոլոր դրսևորումներին։ Այսպիսով, ոչ պրոֆեսիոնալիզմի մասին խոսելով, մենք նկատի ունենք զինծառայողների վերաբերմունքը ռազմական գործին ու իրենց պարտականություններին։

Այսպիսով, այս և բազմաթիվ այլ փաստեր ընդհանրացնելով եզրակացնում ենք, որ ադրբեջանական բանակում հայատյացությունը պրոֆեսիոնալիզմից ավելի բարձր է դասվում, և այդ իրողությունը խրախուսվում է պետության կողմից ամենաբարձր մակարդակով, ինչը նշանակում է, որ նման փորձեր հետագայում կրկնվելու վտանգը կա։

Հասկանալի է, որ հայկական կողմի համարժեք պահվածքի մասին խոսք չի կարող լինել. որևէ հայ սպա կամ պետական գործիչ չի դրդի իր զինծառայողին գնալ ու, ըստ էության անտեղի զոհվել, ինչ է, թե մի քանի ադրբեջանցի էլ սպանվի։ Մենք մեր զինվորի կյանքն ավելի թանկ ենք գնահատում, քան ադրբեջանցի զինվորի կյանքը և նման «փոխանակումը» մեր համար անընդունելի է։ Եվ փաստորեն Ադրբեջանում նույնպես մեր զինվորի կյանքն ավելի թանկ են գնահատում և նրանց տեսակետից այդպիսի «փոխանակումն» ընդունելի է։

Նշված պատճառներով էլ հայկական կողմի գործողությունները, այդ թվում՝ կանխարգելիչ, նախահարձակ կամ պատասխան, միշտ ունենում են ռազմական իմաստ և պայմանավորված են լինում ռազմական նպատակահարմարությամբ, ինչը, ինչպես տեսանք, միշտ չի կարելի ասել ադրբեջանական կողմի գործողությունների մասին։

Իրերի այսպիսի դրվածքը միայն հայ-ադրբեջանական հակամարտությանը չէ հատուկ։ Ժամանակին Իսրայելի վարչապետ Գոլդա Մեյերը անդրադառնալով արաբա-իսրայելական հակամարտությանը, ասել էր, որ Մերձավոր Արևելքում խաղաղություն կհաստատվի այն ժամանակ, երբ արաբները կսկսեն սիրել իրենց երեխաներին ավելի շատ, քան ատում են հրեաներին։ Փաստորեն, այս միտքը կիրառելի է նաև մեր և ադրբեջանցիների դեպքում։

2 responses to “Ադրբեջանում ինքնաբուխ դիվերսանտների հերոսացումը բերում է նման նորանոր դիվերսիաների

  1. Pingback: Ռազմաշաբաթ. Տարածաշրջան. 12 – 18 փետրվարի, 2017 | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *