Փետրվարի 15-ին Սիրիայի հյուսիսային Ալ-Բաբ քաղաքի հարավում՝ Թուրքիայի զինուժի գտնվելու վայրում, «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալները պայթուցիկներով լցված մեքենա են պայթեցրել: Սպանվել է Թուրքիայի զինուժին աջակցող «Սիրիայի ազատ բանակ» խմբավորման 7 զինյալ, Թուրքիայի ԶՈւ-ն կորուստներ չունի:
Այս մասին հայտնում է թուրքական «Հյուրիեթ» պարբերականի կայքը:
Ալ-Բաբ քաղաքի մեկ այլ շրջանում Թուրքիայի զինուժի Kirpi զրահամեքենա է շրջվել, ինչի արդյունքում վիրավորվել է Թուրքիայի ԶՈւ 3 զինծառայող: Աղբյուրի համաձայն՝ բախումներում «շարքից հանվել է» ԻՊ 17 զինյալ:
Թուրքիայի օդուժը ևս շարունակում է հարվածել Ալ-Բաբում ԻՊ զինյալների դիրքերին: Փետրվարի 15-ին Թուրքիայի օդուժի հարվածների արդյունքում ոչնչացվել է ԻՊ 16 թաքստոց, 3 շտաբ, պայթուցիկներով լցված 1 մեքենա, զենքի 1 պահեստ և այլ:
2016 թ. հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներից մինչև այժմ Թուրքիայի զինուժը ԻՊ-ից փորձում է գրավել Ալ-Բաբ քաղաքը: Ալ-Բաբը Սիրիայի հյուսիսում կարևոր ռազմավարական դիրք ունի: Թուրքիայի համար այն հատկապես կարևոր է քանի, որ փակում է ճանապարհը Սիրիայի հյուսիսում քրդական երկու ինքնավար շրջանների՝ Քոբանիի և Աֆրինի միջև: Այդպիսով, Ալ-Բաբի գրավումով Թուրքիան կկարողանա խոչընդոտել քրդական ինքանավորությունների միավորման Սիրիայում:
Թուրքական մամուլի համաձայն՝ Թուրքիայի զինուժը և նրան աջակցող «Սիրիայի ազատ բանակ» խմբավորման զինյալները մինչև այժմ ԻՊ զինյալներից գրավել են Սիրիայի հյուսիսային Ալ-Բաբ քաղաքի կենտրոնի 40 տոկոսը: