Աստանայում մեկնարկել է Սիրիայի հարցով բանակցությունների երկրորդ փուլը

Փետրվարի 16-ին Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում մեկնարկել է սիրիական հակամարտության հարցով հերթական քննարկումը՝ Սիրիայի կառավարական և որոշակի ընդդիմադիր ուժերի, Ռուսաստանի, Թուրքիայի, Իրանի, Հորդանանի և ՄԱԿ-ի ներակայացուցիչների մասնակցությամբ: Այս մասին հայտնում է «ՌԻԱ» գործակալության կայքը՝ փոխանցելով Ղազախստանի ԱԳՆ տրամադրած տեղեկությունը:

Փետրվարի 15-ին Աստանա ժամանել է սիրիական ընդդիմադիր զինյալ խմբավորումների մի մասը միայն, անցկացվել են որոշակի երկկողմ հանդիպումներ: Արդեն փետրվարի 16-ին Ղազախստան են այցելել բանակցություններին ներգրավված ընդդիմադիր զինյալների մյուս ներկայացուցիչները ևս: Փոխանցում է «ՏԱՍՍ» լրատվական գործակալությունը:

Փետրվարի 16-ի բանակցությունների հիմնական նպատակը Սիրիայում հրադադարի հաստատման մեխանիզմների մշակումն է: Կողմերը քննարկում են հրադադարը խախտողի դեմ պատժամիջոցներ կիրառելու խնդիրը:

Ավելացնենք, որ սիրիական հակամարտության շուրջ միջազգային ավելի լայն ֆորմատով բանակցությունները նախատեսված է անցկացնել փետրվարի 23-ին:

Հիշեցնենք, որ հունվարի 23-24-ին Աստանայում բանակցությունների առաջին փուլի ընթացքում Թուրքիան, Ռուսաստանը և Իրանը համաձայնության են հասել Սիրիայում հրադադարի պահպանման եռակողմ մեխանիզմի մշակման շուրջ: Սակայն բացի այս քայլը, սիրիական հակամարտության կարգավորման հարցով որևէ հստակ պայմանավորվածություն չէր հաջողվել ձեռք բերել:

One response to “Աստանայում մեկնարկել է Սիրիայի հարցով բանակցությունների երկրորդ փուլը

  1. Pingback: Ռազմաշաբաթ. Տարածաշրջան. 12 – 18 փետրվարի, 2017 | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *