Թուրքիան փորձում է ԱՄՆ-ի հետ համաձայնեցնել Սիրիայի քրդերի դեմ գործողությունները

Փետրվարի 16-ին ՆԱՏՕ-ի պաշտպանության նախարարների հանդիպումից հետո Թուրքիայի պաշտպանության նախարար Ֆիքրի Ըշըքը լրատվամիջոցներին հայտնել է, որ իրենք ներկայում բանակցում են ԱՄՆ-ի հետ՝ Սիրիայի Ալ-Բաբ քաղաքը գրավելուց հետո տեղի քրդական ուժերի դեմ գործողություններ սկսելու հարցը համաձայնեցնելու համար, սակայն դեռ արդյունք չկա։ Այս մասին հայտնում է թուրքական «Դողան» լրատվական գործակալությունը։

Թուրքիայի պատպանական գերատեսչության ղեկավարը մասնավորապես հայտարարել է․

«․․․ Ալ-Բաբից հետո հույս ունենք, որ Մանբիջում տեղակայված PKK/PYD-ի միավորները պետք է դուրս բերվեն։ Այս պահին մեր ցանկության շուրջ աշխատում ենք ԱՄՆ-ի հետ։ Այս միջոցին դեռ մեր ցանկացածին չենք հասել, սակայն Ալ-Բաբի գործողությունից հետո Թուրքիայի համար առաջնային [թիրախը] կլինի այս երկուսից մեկը՝ Մանբիջը կամ Ռաքքան։ Թուրքիան կտրականապես դեմ է Մանբիջում PKK/PYD-ի առկայությանը»։

Թուրքիայի ՊՆ ղեկավարը նաև նշել է, որ այս հարցերը քննարկելու համար փետրվարի 17-ին Թուրքիա կայցելի ԱՄՆ ԶՈւ ԳՇ պետ, գեներալ Ջո Դանֆորդը։ Հիշեցնենք, որ փետրվարի 16-ին Դանֆորդը Բաքվում հանդիպել էր ռուսաստանցի գործընկերոջը։

Ավելացնենք, որ փետրվարի 16-ին ՆԱՏՕ-ի նիստի շրջանակներում Թուրքիայի պաշտպանության նախարարը կարճ հանդիպում էր ունեցել ամերիկյան գործընկերոջ՝ Ջեյմց Մետտիսի հետ։ Թուրքական կողմը հայտնում է, որ ԱՄՆ համաձայնել է մեծացնել Սիրիայում Թուրքիայի ԶՈւ գործողությունների շրջանակներում թուրքական կողմի օգնությունը։ Սակայն ամերիկյան գերատեսչության կայքում հանդիպման մասին առհասարակ տեղեկություն չկար։

ԱՄՆ զրահապահ մեքենաներ է ուղարկել Սիրիայում ԻՊ դեմ կռվող քրդական ուժերին:

ԱՄՆ զրահապահ մեքենաներ է ուղարկել Սիրիայում ԻՊ դեմ կռվող քրդական ուժերին:

Նշենք, որ Թուրքիան Սիրիայի քրդական «Ժողովրդավարական միություն» կուսակցությունը (PYD) դիտարկում է որպես Թուրքիայում ահաբեկչական կառույց համարվող «Քրդստանի աշխատավորական կուսակցության» (PKK) սիրիական թև։ Սակայն, չնայած առկա որոշակի համագործակցությանը, այդ կառույցներն ամբողջովին նույնացնելը հիմքեր չունի։

Նշենք, որ չնայած Թուքիայի պահանջներին, ամերիկյան կողմը քրդերին առայժմ դիտարկում է որպես Սիրիայում «Իսլամական պետության» դեմ պայքարում հիմնական ցամաքային բաղադրիչ։ ԱՄՆ-ն օժանդակում է նաև քրդական ստորաբաժանումների՝ ԻՊ կենտրոն Ռաքքայի գրավմանն ուղղված գործողությանը։

Միացյալ Նահանգները 2017-ի հունվարին նաև զրահապատ մեքենաներ էր տրամադրել քրդերից ու արաբներից կազմված «Սիրիայի դեմոկրատական ուժեր» (SDF) խմբավորմանը, որի կազմում հիմնական ուժը հենց YPG քրդական զորաջոկատներն են:

2 responses to “Թուրքիան փորձում է ԱՄՆ-ի հետ համաձայնեցնել Սիրիայի քրդերի դեմ գործողությունները

  1. Pingback: Ռազմաշաբաթ. Տարածաշրջան. 12 – 18 փետրվարի, 2017 | Ռազմ.info

  2. Pingback: Սիրիայի քրդերը շարժվում են ԻՊ կենտրոն Ռաքքա, Թուրքիան ռմբակոծել է քրդերի դիրքերը | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *