Փետրվարի 3-9-ը Իրանի հետախուզության և անվտանգության ուժերը Թեհրանի հարակից շրջաններում և արևմտյան ու արևելյան որոշ նահանգներում իրականացրած հակաահաբեկչական գործողությունների արդյունքում ձերբակալել են 8 ահաբեկչի։ Ահաբեկիչները Իրանի քաղաքացիներ չեն եղել։
Այս մասին փետրվարի 11-ին հայտարարել է Իրանի հետախուզության և ազգային անվտանգության նախարար Սեյիդ Մոհամադ Ալավին։ Փոխանցում է իրանական «Թասնիմ» լրատվական գործակալությունը։
Ինչպես ավելի վաղ հայտնի էր դարձել՝ ձերբակալվածները «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման անդամներ են եղել։
Ըստ հայտարարության՝ ահաբեկիչները նպատակադրվել էին խափանել Իսլամական հեղափոխության 38-րդ տարեդարձին նվիրված տոնակատարությունները։ Ահաբեկիչներից առգրավվել է նաև Կալաշնիկովի ավտոմատներ և այլ զինամթերք։
Հիշեցնենք, որ ավելի վաղ Իրանի արևմուտքում հետախուզության և անվտանգության ուժերը վնասազերծել էին 3 հոգանոց ահաբեկչական խումբ: Ըստ ոչ պաշտոնական աղբյուրների՝ նրանք նույնպես «Իսլամական պետություն» խմբավորման անդամ են եղել:
Նշենք, որ 2016թ հունիսից Իրանը երկրի հյուսիս-արևմուտքում և հարավ-արևելքում ահաբեկչական խմբավորումների դեմ ակտիվ պայքար է մղում: Հունիս-հուլիս ամիսներին իրականացրած հակաահաբեկչական գործությունների արդյունքում ձերբակալվել և ոչնչացվել են մի քանի տասնյակ ահաբեկիչներ:
Իսկ օգոստոսի 3-ին Իրանի ոստիկանության և անվտանգության ուժերը վնասազերծել են «Թաուհիդ և Ջիհադ» ահաբեկչական խմբավորման 102 զինյալի: Արևմտյան և հյուսիս-արևմտյան Իրանում խմբի ծավալած գործողություններից տուժել է 60 իրանցի (20 զոհ, 40 վիրավոր):
Իրանի հյուսիս-արևմուտքում ընդհանուր առմամբ գործում է 5 ծայրահեղական խմբավորում: Ստորև ինտերակտիվ ժամանակագրությամբ ներկայացրել ենք վերջին շրջանում Իրանի անվտանգության ուժերի գործողություններն ընդդեմ ահաբեկչական խմբավորումների:
Pingback: Ռազմաշաբաթ. Տարածաշրջան. 12 – 18 փետրվարի, 2017 | Ռազմ.info