Փետրվարի 16-ին ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հայտարարել է, որ Սիրիայում ընթացող պատերազմին կառույցի մասնակցությունը սահմանափակվում է միայն ԱՄՆ գլխավորած կոալիցիայի գործողություններին օդային վաղ նախազգուշացման և վերահսկման օդային համակարգերով սպառազինված ինքնաթիռների (AWACS) կիրառմամբ:
Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղարը նշել է, որ իրենք առայժմ չեն քննարկում Սիրիայում ռազմական գործողություններին մասնակցելու տարբերակը:
Միևնույն ժամանակ «ՌԻԱ» լրատվական գործակալությունը փոխանցում է, որ Ստոլտենբերգի խոսքի համաձայն՝ «ՆԱՏՕ-ին ոչ ոք չի հրավիրել մասնակցել Սիրիայում ընթացող գործողություններին»: Նա նշել է, որ կառույցը այդ հարցը կարող է քննարկել միայն այն դեպքում, եթե «Կառույցին կխնդրեն ներգրավվել»:
Ավելացնենք, որ Սիրիայում ԱՄՆ գլխավորած կոալիցիայի կազմում օդային գործողություններին մասնակցում են ՆԱՏՕ-ի անդամ պետություններ Մեծ Բրիտանիայի և Գերմանիայի, ինչպես նաև Ֆրանսիայի ռազմաօդային ուժերը: Բացի այդ, ՆԱՏՕ-ի անդամ մեկ այլ պետուիթյուն՝ Թուրքիան, առանձին ցամաքային գործողություն է իրականացնում Սիրիայի հյուսիսում:
Նշենք նաև, որ համաձայն ամերիկյան կողմի հայտարարության՝ Պենտագոնը քննարկում է Սիրիայում ցամաքային գործողություններ սկսելու տարբերակը: