Ռազմաշաբաթ. Ադրբեջան. մայիսի 18-24

3 վիրավոր՝ առաջնագծում: ՌԴ-ն 100 միավոր Տ-90Ս է տրամադրել Ադրբեջանին: ՀՀ-ին «չինական Սմերչեր» վաճառած ընկերությունը՝ Ադրբեջանում ցուցահանդեսի մասնակից: Հակաահաբեկչական գործողություն՝ ՌԴ-ի հետ սահմանին: Զաքիր Հասանովը Մոսկվայում է:

«Տ-90» տանկերը։

«Տ-90» տանկերը։

Բաքվի Նասիմի շրջանում Mercedes մակնիշի ավտոմեքենան վրաերթի է ենթարկել Ադրբեջանի պաշտպանության նախարարության փոխգնդապետ Էլդար Վելի օղլու Մամեդովին, որն այդ ժամանակ փողոցն անցնելիս է եղել։ Մայիսի 22-ին նա մահացել է հոսպիտալում։

2013-ի դեկտեմբերի 11-ին Ադրբեջանում առաջնագծում պաշտոնական վարկածով քնած ժամանակ սրտի անբավարարությունից մահացել էր Ադրբեջանի ԶՈւ 19-ամյա զինծառայող Օրհան Ալիևը։ 2014-ի մայիսի 20-ին հայտնի է դարձել՝ Ադրբեջանի Տերտերի շրջանի զինվորական դատախազությունը մայիսի սկզբին փակել է զինծառայողի մահվան հարցով քրեական գործը՝ առանց ընտանիքի անդամներին տեղեկացնելու և համապատասխան փաստաթղթեր տրամադրելու։

Ադրբեջանի պաշտպանության նախարարության փոխանցմամբ՝ մայիսի 21-ի լույս 22-ի գիշերն առաջնագծի Ֆիզուլիի հատվածում «հայկական հետախուզական-դիվերսիոն խումբը» հարձակվել է ադրբեջանական դիրքերի վրա։ Թեպետ ադրբեջանական կողմը հայտարարում է, թե հարձակվողները «կորուստներով հետ են շպրտվել», սակայն տեղեկացնում է նաև սեփական շարքերում վիրավորների մասին։

Ադրբեջանի ՆԳՆ ներքին զորքերի՝ Սումգայիթ քաղաքում տեղակայված զորամասերից մեկի զինծառայող, 19-ամյա Գահվերդիև Սադիգ Վալեհ օղլուն իրեն ամրակցված ինքնաձիգից կրակել է ինքն իրեն։ Տուժածին տեղափոխել են հոսպիտալ։

ՌԴ ռազմատեխնիկական համագործակցության դաշնային ծառայության ղեկավարի տեղակալ Կոնստանտին Բիրյուլինը հայտարարել է՝ ՌԴ-ն ավարտել է Ադրբեջանին 100 միավոր Տ-90Ս տանկերի տրամադրման գործընթացը, հնարավոր է ևս 100-ի փոխանցումը։ 

Սիրիայի նախագահ Բաշար Ասադի կողմնակիցների դեմ մարտնչող «Իրաքի ու Լևանտի իսլամական պետություն» ծայրահեղ իսլամիստական խմբավորման կազմում ընդգրկված ադրբեջանական ջոկատի հրամանատար ոմն Մուսա ալ Ազերին սպանվել է Սիրիայի հյուսիսային Ռաքքա քաղաքում ընթացող մարտերում:

2014-ի սեպտեմբերի 11-14-ն Ադրբեջանի մայրաքաղաքում կայանալու է ADEX-2014 ռազմարդյունաբերական ցուցահանդեսը, որին, համաձայն պաշտոնական կայքի, մասնակցելու են նաև Չինաստանից 5 ընկերություններ, որոնցից մեկը Հայաստանին վաճառել է WM-80 համազարկային կրակի ռեակտիվ կայաններ և ենթադրաբար «չինական Սմերչեր»:

Ադրբեջանում հայտնի ռազմական փորձագետ, լրագրող, վերջին շրջանում Ադրբեջանի պետական կառույցների, մասնավորապես՝ պաշտպանության նախարարության դեմ ուղղված քննադատություններով աչքի ընկնող Ուզեիր Ջաֆարովին այսօր՝ մայիսի 22-ին, կանչել են Ադրբեջանի գլխավոր դատախազության՝ ծանր հանցագործությունների գծով հետաքննական վարչություն՝ այսպես կոչված «հայկական գործի» շրջանակներում հարցաքննվելու։

Ղազախստանը հետաքրքրված է և նախատեսում է Ադրբեջանին մատակարարել եվրոպական-ղազախական համատեղ արտադրության Eurocopter EC 145 ուղղաթիռների քաղաքացիական տարբերակները։ Ղազախստանը EC 145 ուղղաթիռներն իր տարածքում արտադրում է 2011-ից՝ 2010-ին կնքված պայմանագրի համաձայն:

Ադրբեջանի՝ ՌԴ-ի հետ սահմանակից հյուսիսային ու հյուսիսարևմտյան շրջաններում անցկացվում է ՌԴ-ի և Ադրբեջանի իրավապահների համատեղ հակաահաբեկչական գործողություն՝ «Սահման-արգելապատնեշ» պայմանական անվանմամբ։ Ադրբեջանի հյուսիսային շրջանների բնակիչները դժգոհել են լրագրողներին, որ իրենց չեն զգուշացրել գործողության մասին, ինչի հետևանքով էլ մայիսի 19-ին խաղաղ բնակիչների շրջանում խուճապ է առաջացել, բացի այդ ադրբեջանական կողմն ավելացրել է սահմանային հենակետերի թիվը։

Մայիսի 19-ին կայացել է Նախիջևանի Ինքնավար Հանրապետության տարածքում տեղակայված, այսպես կոչված «առանձին համազորային բանակի» ստորաբաժանումներին նոր մարտական դրոշի տրամադրման հանդիսավոր արարողությունը։ 

Ադրբեջանի պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովը մայիսի 21-ին մեկնել էր Մոսկվա՝ ՌԴ պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուի հրավերով Միջազգային անվտանգության 3-րդ համաժողովին մասնակցելու նպատակով։ Նա Մոսկվայում հանդիպել է ՌԴ-ի և Իրանի իր պաշտոնակիցներին:

Ադրբեջանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Նաջմեդին Սադիգովն առաջիկայում թողնելու է իր զբաղեցրած պաշտոնը, և ԳՇ պետի ամենահավանական թեկնածուներից է Ադրբեջանի ԶՈւ Շամխորի 3-րդ բանակային կորպուսի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ռովշան Աքփերովը։

Ադրբեջանի ՊՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ Ադրբեջանում գրանցված բարձր ջերմաստիճանի ու շոգ եղանակի պատճառով զինված ուժերի ստորաբաժանումներն անցել են ծառայության հատուկ ռեժիմի։ 

Ադրբեջանի պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովը մայիսի 19-ին ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովին (Ռուսաստան), Ջեյմս Ուորլիքին (ԱՄՆ), Ժակ Ֆորին (Ֆրանսիա), նորանշանակ Պյեր Անդրյուին (Ֆրանսիա),  ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անժեյ Կասպշիկին։

Ադրբեջանի պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Նաջմեդին Սադիգովը մեկնել է Բելգիա՝  ՆԱՏՕ-ի Անվտանգության աջակցության միջազգային ուժերի (ISAF) ժողովին մասնակցելու նպատակով։ 

Թուրքիայի պաշտպանության նախարարի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Օսման Ունլյուի գլխավորած պատվիրակությունը մայիսի 21-ին ժամանել է Ադրբեջան։ 

Ռազմաշաբաթը նաև՝

Հայաստանում

Թուրքիայում

Վրաստանում

 

One response to “Ռազմաշաբաթ. Ադրբեջան. մայիսի 18-24

  1. Pingback: Ռազմաշաբաթ. Թուրքիա. մայիսի 18-24 | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *