Ադրբեջանն իր հյուսիսային սահմաններին՝ ՌԴ-ի հետ սահմանակից շրջաններում, ավելացրել է հենակետերի թիվը։ Այս քայլը պայմանավորված է օրերս մեկնարկած, ՌԴ-ի իրավապահների հետ համատեղ իրականացվող հակաահաբեկչական գործողությամբ։
Ինչպես հաղորդում է ադրբեջանական «Ազադլըգ» թերթը, Ադրբեջանի հյուսիսային շրջանների բնակիչները դժգոհել են լրագրողներին, որ իրենց չեն զգուշացրել գործողության մասին, ինչի հետևանքով էլ մայիսի 19-ին խաղաղ բնակիչների շրջանում խուճապ է առաջացել։
Ինչպես տեղեկացնում են ադրբեջանական աղբյուրները, «Սահման-արգելապատնեշ» գործողության շրջանակներում ոստիկանները ստուգումներ են անցկացնում Ադրբեջանից դուրս եկող և մուտք գործող ավտոմեքենաների շրջանում։ Գործողության նպատակը սահմանին կազմակերպված հանցավորության և թմրանյութերի ու զենքի ապօրինի շրջանառությամբ զբաղվող հանցավոր խմբերի դեմ պայքարն է։
Ադրբեջանի ՆԳՆ-ից հաղորդել են՝ գործողության մանրամասները կհրապարակեն դրա ավարտից հետո։ Ղուբայի շրջանից էլ տեղեկացրել են՝ գործողությունը գաղտնի բնույթ է կրում, մանրամասներ հայտնել չեն կարող։
Հավելենք, որ համաձայն բաց աղբյուրների տվյալների՝ «Սահման-արգելապատնեշ» պայմանական անվանմամբ ռուս-ադրբեջանական նման համատեղ գործողություն իրականացվել է նաև 2008-ին ու 2012-ին։
Pingback: Ռազմաշաբաթ. Ադրբեջան. մայիսի 18-24 | Ռազմ.info