Ադրբեջանի ԶՈւ ԳՇ պետը մեկնել է Բրյուսել՝ ՆԱՏՕ-ի շրջանակներում հանդիպումներին մասնակցելու

Ադրբեջանի պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Նաջմեդին Սադիգովը մեկնել է Բելգիա՝  ՆԱՏՕ-ի Անվտանգության աջակցության միջազգային ուժերի (ISAF) ժողովին մասնակցելու նպատակով։ 

Նաջմեդին Սադիգով

Նաջմեդին Սադիգով

Այս մասին հաղորդում է Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։

Ըստ աղբյուրի՝ Նաջմեդին Սադիգովը նաև մասնակցելու է ՆԱՏՕ-ի անդամ և գործընկեր երկրների ԶՈւ ԳՇ պետերի հանդիպմանը։

Հավելենք, որ մայիսի 19-ին ՆԱՏՕ-ի պաշտոնական կայքից հայտնի էր դարձել՝ ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ու արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը մայիսի 20-ին աշխատանքային այցով հանդիպելու են ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենին։ Հանդիպումը կայանալու է Բրյուսելի ՆԱՏՕ-ի գլխավոր շտաբում առանց լրատվամիջոցների ներկայության։

Հիշեցնենք, որ Ադրբեջանի զինծառայողները ծառայություն են անցնում Անվտանգության աջակցության միջազգային ուժերի կազմում՝ սկսած 2002-ի նոյեմբերից։ Ներկայումս Ադրբեջանի ԶՈւ 94 զինծառայող պարեկություն է անում Աֆղանստանում՝ թուրքական ռազմաճամբարում՝ հսկելով մայրաքաղաք Քաբուլի հեռուստաաշտարակը, ինչպես նաև ISAF-ի զինանոցը։

Հավելենք, որ Անվտանգության աջակցության միջազգային ուժերը ստեղծվել են ՄԱԿ ԱԽ N1386 բանաձևի շնորհիվ 2001-ի դեկտեմբերի 20-ին։ 2003-ի օգոստոսից ISAF-ի հրամանատարությունը ստանձնել է ՆԱՏՕ-ն։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *