Ադրբեջանի ռազմական ցուցահանդեսին մասնակցելու է ՀՀ-ին «չինական Սմերչեր» վաճառած ընկերությունը

2014-ի սեպտեմբերի 11-14-ն Ադրբեջանի մայրաքաղաքում կայանալու է ADEX-2014 ռազմարդյունաբերական ցուցահանդեսը, որին, համաձայն պաշտոնական կայքի, մասնակցելու են նաև Չինաստանից 5 ընկերություններ, որոնցից մեկը Հայաստանին վաճառել է WM-80 համազարկային կրակի ռեակտիվ կայաններ և ենթադրաբար «չինական Սմերչեր»:

AR1A ՀԿՌԿ

AR1A ՀԿՌԿ

Նշված 5 չինական ռազմարդյունաբերական ընկերություններն են՝ CETC International Co.Ltd,  CPMIEC China, Norinco, Poly Technologies և Surrey HI Tech:

Հարկ է շեշտել, որ դեռևս 2012-ի հունիսին ադրբեջանական կայքերն աղմուկ էին բարձրացրել՝ վերոնշյալ Norinco ընկերությունը Հայաստանին տրամադրել է WM-80 համազարկային կրակի ռեակտիվ կայաններ, որի՝ հայկական զինուժի զորավարժության ժամանակ կատարած համազարկի տեսագրությունը 2012-ի ապրիլին տարածվեց համացանցում: Բացի այդ, ըստ ռուսաստանյան «Զենքի համաշխարհային առևտրի վերլուծության կենտրոնի» 2013-ի վերջին հրապարակած զեկույցի՝ Հայաստանը ենթադրաբար ձեռք է բերել  Չինաստանից 6 միավոր AR1A համազարկային կրակի ռեակտիվ կայան, որոնց արտադրողն ամենայն հավանականությամբ կրկին Norinco-ն է:

Համաձայն կենտրոնի տվյալների` պայմանագիրը հավանաբար կնքվել է դեռ 2010-ին, իսկ ենթադրյալ մատակարարումը ավարտվել 2011-ին։ Գործարքի արժեքը գնահատվում է 50 մլն ԱՄՆ դոլար։

Նշենք, որ AR1A համակարգերի ձեռքբերման մասին լուրերը լրատվամիջոցներում հայտնվել էին 2013-ի հոկտեմբերին, սակայն չինական և հայկական կողմերը պաշտոնապես ո՛չ հաստատել, ո՛չ էլ հերքել էին այդ տեղեկությունները։

Նկատենք, որ 2014-ի ապրիլի վերջին Ադրբեջանում դժգոհություն էին բարձրացրել, երբ հայտնի դարձավ՝ ADEX-2014-ին մասնակցելու է Unis Group ընկերությունը, որը 2010-ին Հայաստանին ենթադրաբար վաճառել էր 200 միավոր  Commando (Կոմանդո) ականանետեր։ Սակայն չինական Norinco-ի մասնակցության վերաբերյալ Ադրբեջանում դեռևս լռում են:

Հավելենք նաև, որ սեպտեմբերի 26-ին Թուրքիայի ռազմարդյունաբերական հանձնաժողովի նիստի ժամանակ մեծ հեռահարության ՀՕՊ համակարգի մրցույթի արդյունքներով որոշում էր կայացվել ձեռք բերել ADEX-2014-ի մեկ այլ մասնակից China Precision Machinery Export-Import Corp. (CPMIEC) ընկերության HQ-9 (FD-2000) զենիթահրթիռային կայանները։

Չինական տարբերակի ընտրությունը բացատրվել էր տեղում համատեղ արտադրություն հիմնելու հնարավորությամբ և մատչելի արժեքով։ Պայմանագիրը գնահատվում է 3-4 մլրդ ամերիկյան դոլար։ Առայժմ պայմանագիրը վերջնականապես կնքված չէ, թեև համապատասխան որոշումն արդեն կա։

 

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *