Սիրիայում ադրբեջանցի զինյալների հրամանատարը սպանվել է քրդերի դեմ մարտում

Ադրբեջանական լրատվամիջոցները շարունակում են տեղեկություններ հրապարակել Սիրիայի տարածքում հիմնականում զինյալների խմբավորումների կազմում կռվող կամ սպանված ադրբեջանցիների մասին:

Այս անգամ ադրբեջանական ANSpress լրատվակայքը փոխանցում է՝ Սիրիայի նախագահ Բաշար Ասադի կողմնակիցների դեմ մարտնչող «Իրաքի ու Լևանտի իսլամական պետություն» ծայրահեղ իսլամիստական խմբավորման կազմում ընդգրկված ադրբեջանական ջոկատի հրամանատար ոմն Մուսա ալ Ազերին սպանվել է Սիրիայի հյուսիսային Ռաքքա քաղաքում ընթացող մարտերում:

Ընդ որում, աղբյուրը հստակեցնում է` հրամանատարը սպանվել է ոչ թե կառավարական զորքերի, այլ Partiya Yekîtiya Demokrat անունը կրող քրդական կուսակցության զինյալների և Ketibetül Azərbaycan թերևս ադրբեջանական խմբավորման միջև բախումների հետևանքով:

Նկատենք, որ 2013-ի կեսերից ի վեր ադրբեջանական մամուլը, մասնավորապես՝ ԱՊԱ լրատվական գործակալությունը, հաղորդում են Սիրիայում կռվող և սպանված, հիմնականում ծայրահեղ իսլամիստական խմբավորումներին անդամակցած Ադրբեջանի քաղաքացիների մասին։ Ադրբեջանական մամուլը չի հստակեցնում՝ ինչ աղբյուրներից է քաղել տեղեկությունը, բացի այդ էլ, մինչ օրս Ադրբեջանի ԱԳՆ-ն չի հաստատել, որ սպանված զինյալներն ադրբեջանցիներ են կամ Ադրբեջանի քաղաքացիներ։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *