[թարմացում] Ադրբեջանի ՊՆ. հայկական հարձակում Ֆիզուլիի ուղղությամբ, կան վիրավորներ

Ադրբեջանի պաշտպանության նախարարության փոխանցմամբ՝ մայիսի 21-ի լույս 22-ի գիշերն առաջնագծի Ֆիզուլիի հատվածում «հայկական հետախուզական-դիվերսիոն խումբը» հարձակվել է ադրբեջանական դիրքերի վրա։ Պաշտպանության բանակի մամուլի խոսնակ Սենոր Հասրաթյանը Ռազմինֆոյի հետ զրույցում տեղեկացրել է, որ ՊԲ ստորաբաժանումները դիվերսիա չեն իրականացրել, ադրբեջանցիների պնդումն իրականությանը չի համապատասխանում։

Թեպետ ադրբեջանական կողմը հայտարարում է, թե հարձակվողները «կորուստներով հետ են շպրտվել», սակայն տեղեկացնում է նաև սեփական շարքերում վիրավորների մասին։ Համաձայն Ադրբեջանի ՊՆ մամուլի ծառայությանը՝ «հայկական հարձակման հետևանքով» վնասվածքներ են ստացել Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողներ, ենթասպա Մամեդով Մուրադ Ասիֆ օղլուն, շարքայիններ Իսագով Թուրալ Էլդար օղլուն և Միրզալի Միրզա Ասիֆ օղլուն։ Նրանց տեղափոխել են հոսպիտալ։ Ներկայումս վիրավորների առողջական վիճակը գնահատվում է բավարար։

Նկատենք, որ հետևելով ադրբեջանական բաց աղբյուրներից ստացած տեղեկություններին՝ կարող ենք արձանագրել՝ 2014-ի մայիս ամսվա ընթացքում ադրբեջանական զինուժն ունի 3 զոհ, 17 վիրավոր։

[թարմացում]-ՊԲ մամուլի ծառայության պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ առաջնագծի հարավային ուղղությամբ տեղակայված մարտական դիրքերից մեկում դիպուկահար կրակոցով հայ զինծառայողին խոցելուց հետո մայիսի 21-ի լույս 22-ի գիշերը հակառակորդը նույն ուղղությամբ ձեռնարկել է հետախուզադիվերսիոն ներթափանցման փորձ:
ՊԲ առաջապահ ստորաբաժանումները, ժամանակին նկատելով ադրբեջանական հատուկ ջոկատայինների առաջխաղացումը, դիմել են պատասխան գործողությունների և, ադրբեջանցիներին պատճառելով նշանակալի կորուստ, հետ շպրտել իր ելման դիրքերը: Ըստ նախնական տվյալների՝ ադրբեջանական կողմը տվել է առնվազն 3 վիրավոր:
Դիվերսիոն հետախուզական գործողության այլ մանրամասներ ճշտվում են:


Ներկայումս առաջնագծի ողջ երկայնքով ՊԲ առաջապահ ստորաբաժանումները շարունակում են իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրը:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *