Հայ-լեհական համատեղ «Lubawa Armenia» արդյունաբերական ընկերությունը մասնակցելու է մայիսի 22-25-ն ընկած ժամանակահատվածում Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում կայանալիք միջազգային երրորդ KADEX-2014 ռազմարդյունաբերական ցուցահանդեսին:
«Lubawa Armenia»-ն պատրաստվում է ներկայացնել բալիստիկ պաշտպանության, նյութատեխնիկական ապահովման, քողարկման միջոցներ, վրաններ, զինծառայողների հանդերձավորման օրինակներ:
Նշենք, որ սույն ընկերության ցուցատախտակը 603 համարի ներքո լեհական բաժնում է՝ համար 6 տաղավարում:
KADEX-2014-ին մասնակցելու են նաև Արբեջանի ռազմարդյունաբերության նախարարությունը և Ադրբեջանի ԶՈւ բարձրաստիճան զինվորականներ:
Հիշեցնենք, որ «Lubawa Armenia»-ն ստեղծվել է 2013-ի մարտի 27-ին լեհական Lubawa ընկերության և «Չարենցավանի հաստոցաշինական գործարան» ԲԲԸ-ի միջև կնքված պայմանագրի արդյունքում: Ընդ որում, «Lubawa Armenia»-ի բաժնետոմսերի 51 տոկոսը պատկանում է լեհական կողմին, 49 տոկոսը՝ հայկական: Ինչ վերաբերում է Չարենցավանի հաստոցաշինական գործարանին, ապա դրա 80 տոկոսը ՀՀ պետական սեփականություն է, որի տնօրինումը վստահված է պաշտպանության նախարարությանը:
«Lubawa Armenia» ընկերությունը զբաղվում է բազմաֆունկցիոնալ քողարկման ցանցերի (87 տոկոս), սպառազինությունների, օրինակ՝ Տ-72 տանկերի մանրակերտերի (10 տոկոս) և բանակային վրանների (3 տոկոս) արտադրմամբ: Դրանք հիմնականում նախատեսված են հայկական զինուժի և Հայաստանի ուժային կառույցների կարիքները բավարարելու համար, Ապագայում ընկերությունը ծրագրում է ռազմական նշանակության այլ պարագաներ ևս արտադրել, այդ թվում՝ զրահաբաճկոններ:
Pingback: 400 մլն դրամի ներդրում՝ հայ-լեհական ռազմարդյունաբերական ընկերությունում | Ռազմ.info