Զաքիր Հասանովն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին

Ադրբեջանի պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովը մայիսի 19-ին ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովին (Ռուսաստան), Ջեյմս Ուորլիքին (ԱՄՆ), Ժակ Ֆորին (Ֆրանսիա), նորանշանակ Պյեր Անդրյուին (Ֆրանսիա),  ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անժեյ Կասպշիկին։

Զաքիր Հասանովն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին

Զաքիր Հասանովն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին

Այս մասին հաղորդում է Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։

Ըստ աղբյուրի՝ հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են առաջնագծում տիրող իրավիճակը, Արցախյան հակամարտության խաղաղ կարգավորման հեռանկարները։

Զաքիր Հասանովն անդրադարձել է փախստականների խնդրին, ինչպես նաև հերթական անգամ շեշտել՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի, նաև՝ այլ միջազգային կառույցների ջանքերը հակամարտության լուծման հարցում դեռևս արդյունավետ չեն։

Հիշեցնենք, որ ավելի վաղ՝ մայիսի 16-ին, ԵԱՀԿ ՄԽ համանախագահներ Իգոր Պոպովը, Ջեյմս Ուորլիքն ու Ժակ Ֆորը հյուրընկալվել էին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի մոտ։ Պաշտպանության նախարարը ներկայացրել էր շփման գծում տեղի ունեցած հիմնական պատահարները, ինչպես նաև լարվածության թուլացման և փոխվստահության հաստատման հեռանկարների մասին իր նկատառումները:

Նկատենք նաև, որ  ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությունից բացահայտ դժգոհությունները 2007-ից ի վեր մինչև վերջերս կազմել են Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ելույթների անբաժանելի մի մասը։ Ադրբեջանի պաշտպանության նախկին նախարար Սաֆար Աբիևը ևս կոշտ էր արտահայտվում այս միջազգային կառույցի վերաբերյալ պաշտոնական հանդիպումներին։

Ինչ վերաբերում է նոր նախարար Զաքիր Հասանովին, ապա վերջինս, ինչպես և Իլհամ Ալիևը 2013-ի հոկտեմբերի 9-ի ընտրություններից հետո, որդեգրել են ավելի մեղմ դիրքորոշում ԵԱՀԿ-ի նկատմամբ, միջազգային կառույցից սուր դժգոհությունները շարունակվում են թերևս ավելի ցածր հարթակներում՝ տեղական ՀԿ-ների և հասարակական անձանց կողմից։

Ադրբեջանում գործող, այսպես կոչված «Ղարաբաղի ազատագրման կազմակերպությունը» մարտի 23-ին բողոքի ցույց էր անցկացրել ԵԱՀԿ Բաքվի գրասենյակի առջև՝ վկայելով, որ այս միջազգային կառույցը «քայլեր չի ձեռնարկում Արցախյան հակամարտության լուծման ուղղությամբ»։

One response to “Զաքիր Հասանովն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին

  1. Pingback: Ռազմաշաբաթ. Ադրբեջան. մայիսի 18-24 | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *