Ադրբեջանի պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովը մայիսի 21-ին մեկնել էր Մոսկվա՝ ՌԴ պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուի հրավերով Միջազգային անվտանգության 3-րդ համաժողովին մասնակցելու նպատակով։
Ինչպես հաղորդում է ադրբեջանական ԱՊԱ լրատվական գործակալությունը, Մոսկվայում Զաքիր Հասանովը ՌԴ-ի իր պաշտոնակցի հետ փակ դռների հետևում հանդիպում է ունեցել, որի ընթացքում քննարկվել են երկկողմ համագործակցության հեռանկարները, Կասպից ծովում համատեղ զորավարժությունների անցկացման հնարավորությունները, Ուկրաինայի ներքին իրավիճակը։
Համաձայն ԱՊԱ-ի՝ Զաքիր Հասանովը համանման հանդիպում է ունեցել նաև Մոսկվա ժամանած Իրանի պաշտպանության նախարար Հոսեյն Դեհղանիի հետ: Հասանովը շեշտել է՝ կողմերը փորձելու են ավելի ամրապնդել հարաբերությունները ռազմական բնագավառում:
Այս պահի դրությամբ Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը սույն հանդիպումների վերաբերյալ պաշտոնական հաղորդագրություն չի տարածել։
Հիշեցնենք նաև, որ ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի գլխավորած պատվիրակությունը ևս մայիսի 23-ին մասնակցել է Մոսկվայում կայացած Միջազգային անվտանգության երրորդ համաժողովին: Սեյրան Օհանյանը հանդիպումներ է ունեցել ՌԴ-ի ու Իրանի իր պաշտոնակիցների հետ:
Pingback: Ադրբեջանի ու ՌԴ-ի սահմանապահները Կասպից ծովում զորավարժություն են անցկացնելու (ֆոտո) | Ռազմ.info