Ադրբեջանում հայտնի ռազմական փորձագետ, լրագրող, վերջին շրջանում Ադրբեջանի պետական կառույցների, մասնավորապես՝ պաշտպանության նախարարության դեմ ուղղված քննադատություններով աչքի ընկնող Ուզեիր Ջաֆարովին այսօր՝ մայիսի 22-ին, կանչել են Ադրբեջանի գլխավոր դատախազության՝ ծանր հանցագործությունների գծով հետաքննական վարչություն՝ այսպես կոչված «հայկական գործի» շրջանակներում հարցաքննվելու։
Այս մասին ադրբեջանական լրատվամիջոցներին հայտնել է ինքը՝ Ջաֆարովը՝ հավելելով, որ իրեն մոտ օրերս կհարցաքննեն, և հավանաբար հարցեր կտան 2001-ին փորձագետի՝ Հայաստան (ներառյալ Արցախը) կատարած այցի մասին։
Հիշեցնենք, որ Ադրբեջանում «հայկական գործ» են որակում 2014-ի ապրիլի 19-ին պետական դավաճանության հոդվածով ձերբակալված հայտնի լրագրող, հայ-ադրբեջանական համատեղ ծրագրերի ակտիվ մասնակից Ռաուֆ Միրկադիրովի գործը։ Նրան մեղադրանքներ են առաջադրվել 2008-ի ապրիլից «հայկական հատուկ ծառայությունների հետ համագործակցելու և գաղտնի փաստաթղթեր տրամադրելու» համար։
Միջազգային հեղինակավոր իրավապաշտպան կազմակերպությունները՝Human Rights Watch, Freedom House, Reporters without borders, ինչպես նաև ԱՄՆ պետդեպարտամենտը, ԵՄ-ն և Մեծ Բրիտանիայի արտգործնախարարությունը դատապարտել են Միրկադիրովի ձերբակալությունը։ Ադրբեջանի ԱԳՆ-ն սույն քննադատությունները որակել է «քաղաքական միջամտություն»։
Ապրիլի 25-ին ադրբեջանական «Խաղաղության և ժողովրդավարության ինստիտուտն» ու «Ռեգիոն» կազմակերպությունը համատեղ հայտարարությամբ կոչ են արել ազատ արձակել Միրկադիրովին։ Դրան հետևել է ապրիլի 28-ին նույն «Խաղաղության և ժողովրդավարության ինստիտուտի» տնօրեն, իրավապաշտպան Լեյլա Յունուսի և նրա ամուսնու, քաղաքագետ Արիֆ Յունուսովի ձերբակալությունը Բաքվի օդանավակայանում, որտեղից նրանք պատրաստվում էին Փարիզ թռչել՝ ԵՄ-ի հրավերով միջոցառմանը մասնակցելու։ Սակայն ըստ Ադրբեջանի գլխավոր դատախազության հաղորդագրության՝ ամուսիններին ոչ թե ձերբակալել, այլ ուղեկցել են քրեական գործի շրջանակներում ցուցմունքներ տալու (Ըստ Յունուսի՝ խոսքը Միրկադիրովի գործի մասին է)։
Մայիսի 1-ին գլխավոր դատախազությունը Միրկադիրովի գործի շրջանակներում հարցաքննել էր նաև Ադրբեջանում Կանանց ճգնաժամային կենտրոնի տնօրեն Մեթանեթ Ազիզովային, որի կենտրոնի գրասենյակը տեղակայված է «Խաղաղության և ժողովրդավարության ինստիտուտի» շենքում։ Ազիզովայի խոսքերով՝ իրեն ավելի շատ հարցեր են տվել ինստիտուտի գործունեության, քան թե Միրկադիրովի գործի վերաբերյալ։ Ադրբեջանի ազգային անվտանգության նախարարության և գլխավոր դատախազության աշխատակիցները խուզարկել են Ազիզովայի բնակարանը։ Մայիսի 6-ին Ազիզովայի ամուսնուն՝ Էլդար Ազիզովին, կանչել են դատախազություն՝ ցուցմունք տալու, ըստ երևույթին, կրկին Միրկադիրովի գործով։
Հաշվի առնելով, որ ԵԱՀԿ ՄԽ համանախագահներն ու միջազգային մի շարք այլ կառույցներ սույն անձանց ընկալում են որպես հայ-ադրբեջանական հարաբերությունների բարելավման և Արցախյան հիմնախնդրի խաղաղ լուծման ճանապարհ հարթելու ուղղությամբ աշխատող գործիչների՝ նրանց ձերբակալությունները վնասում են Ադրբեջանի միջազգային իմիջին և որոշակի լծակներ ստեղծում Արևմուտքի ձեռքում իշխանությունների վրա ներազդելու համար։
Pingback: Հայ-ադրբեջանական ծրագրերի մասնակիցների բռնաճնշումները՝ ԱՄՆ-Ադրբեջան հարաբերությունների սրման պատճառ | Ռազմ.info
Pingback: Ռազմաշաբաթ. Ադրբեջան. մայիսի 18-24 | Ռազմ.info
Pingback: Ադրբեջանում ռազմական փորձագետին ձերբակալելու են «բանակի դեմ գրելու համար» | Ռազմ.info