Ռուս-ադրբեջանական սահմանին հակաահաբեկչական գործողություն է անցկացվում

Ադրբեջանի՝ ՌԴ-ի հետ սահմանակից հյուսիսային ու հյուսիսարևմտյան շրջաններում անցկացվում է ՌԴ-ի և Ադրբեջանի իրավապահների համատեղ հակաահաբեկչական գործողություն՝ «Սահման-արգելապատնեշ» պայմանական անվանմամբ։ 

Տեղեկությունը հաստատել են Ադրբեջանի ՆԳՆ մամուլի ծառայությունը և Ռուսաստանի Դաշնության ուՎրաստանի հետ սահմանակից ադրբեջանական Գախի շրջանի ոստիկանական բաժանմունքը, ինչպես նաև սահմանամերձ Զագաթալայի շրջանի բնակիչները։ Ռուսաստանյան պաշտոնական աղբյուրներն այս պահի դրությամբ լռում են, միայն օրեր առաջ հայտնի է դարձել՝ Ադրբեջանին սահմանակից Դաղստանի Գունիբի շրջանում ՌԴ 3 ոստիկանների վրա հարձակումից հետո հակաահաբեկչական գործողություն է մեկնարկել, որի նպատակը հանցավոր խմբավորման հայտնաբերումն ու չեզոքացումն էր։

Ինչպես տեղեկացնում են ադրբեջանական աղբյուրները, «Սահման-արգելապատնեշ» գործողության շրջանակներում ոստիկանները ստուգումներ են անցկացնում Ադրբեջանից դուրս եկող և մուտք գործող ավտոմեքենաների շրջանում։ Գործողության նպատակը սահմանին կազմակերպված հանցավորության և թմրանյութերի ու զենքի ապօրինի շրջանառությամբ զբաղվող հանցավոր խմբերի դեմ պայքարն է։

Ադրբեջանի ՆԳՆ-ից հաղորդել են՝ գործողության մանրամասները կհրապարակեն դրա ավարտից հետո։ Ղուբայի շրջանից էլ տեղեկացրել են՝ գործողությունը գաղտնի բնույթ է կրում, մանրամասներ հայտնել չեն կարող։

Հավելենք, որ համաձայն բաց աղբյուրների տվյալների՝ «Սահման-արգելապատնեշ» պայմանական անվանմամբ ռուս-ադրբեջանական նման համատեղ գործողություն իրականացվել է նաև 2008-ին ու 2012-ին։

One response to “Ռուս-ադրբեջանական սահմանին հակաահաբեկչական գործողություն է անցկացվում

  1. Pingback: Ռազմաշաբաթ. Ադրբեջան. մայիսի 18-24 | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *