Նախիջևանի հետ սահմանին հակառակորդի կրակից զոհվել է ՀՀ ԶՈւ պայմանագրային, կան վիրավորներ • ՀՀ-ն սպառազինությունն ընդլայնելու համար 200 մլն ԱՄՆ դոլարի արտոնյալ վարկ կստանա ՌԴ-ից • Քաղպաշտպանության վարժանք՝ Լոռու մարզում ռազմական դրության անցնելու թեմայով • Լյովա Մնացականյանն այցելել է ՊԲ հյուսիսային զորամասերից մեկը, անցկացրել է ՊԲ խորհրդակցություն • Ամառային զորակոչի թափանցիկությունն ապահովելու նպատակ ստեղծվել է հատուկ հանձնաժողով • Հայկական խաղաղապահ ստորաբաժանումը վերադարձել է Կոսովոյից • ՀՀ ԶՈւ 131 զինծառայող մինչև 2016թ. մայիս կմասնակցի Աֆղանստանում խաղաղապահ առաքելությանը • ՀՀ ՊՆ և արտասահմանյան ՌՈւՀ-երի ընդունելության ժամկետները և մանրամասները • Սեյրան Օհանյանը պարգևատրել է ՀՀ ԶՈւ թիկունքայիններին • ՊՆ-ում գումարվել է գերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով զբաղվող հանձնաժողովի նիստ • Ցուցադրություն՝ ոստիկանության զորքերի կազմավորման տարեդարձի կապակցությամբ • ՌԴ 102-րդ ռազմաբազային տարածք տրամադրելու քննարկումներ ՀՀ ՊՆ-ում
• Հունիսի 26-ին հակառակորդը Նախիջևանի հետ սահմանում, Սյունիքի մարզի Գորհայք բնակավայրի հայկական դիրքերի ուղղությամբ կիրառել է խոշոր տրամաչափի զինատեսակներ և վարել ակտիվ կրակ, ինչի հետևանքով զոհվել է ՀՀ ԶՈւ զինծառայող, շարքային պայմանագրային Արման Եփրեմյանը, որը ՀՀ նախագահի հրամանագրով պարգևատրվել է Արիության մեդալով։ Հրաձգության ժամանակ ևս երեք պայմանագրային զինծառայող վիրավորվել է, նրանց կյանքին վտանգ չի սպառնում։
• Հունիսի 26-ին Երևանում անցկացվել է ՀՀ և ՌԴ միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 16-րդ նիստը, որտեղ ստորագրվել է Հայաստանին 200 մլն ԱՄՆ դոլարի չափով արտոնյալ արտահանման վարկ տրամադրելու մասին համաձայնագիր, ինչը թույլ կտա զգալիորեն ընդլայնել Հայաստանի Հանրապետության զինված ուժերի զինանոցի ժամանակակից սպառազինման տեսականին:
• Հունիսի 23-ին Լոռու մարզում անցկացվել է «Քաղաքացիական պաշտպանության միջոցառումների կազմակերպումը ՀՀ Լոռու մարզի քաղաքացիական պաշտպանության համակարգը խաղաղից ռազմական դրության փոխադրման դեպքում» թեմայով շտաբային ուսումնավարժություն և «Տարահանման ժամանակավոր տեղակայման կետի ծավալումը» գործնական միջոցառում:
• Հունիսի 19-ին ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լյովա Մնացականյանը այցելել է բանակի հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկը, որտեղ հետևել է իրականացված և շարունակվող ինժեներական ու շինարարական աշխատանքների ընթացքին: Հունիսի 23-ին ՊԲ հրամանատարը ՊԲ հրամկազմի, շտաբի բաժինների և ծառայությունների պետերի մասնակցությամբ անցկացրել է ծառայողական խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են համաբանակային մի շարք հարցեր:
• 2015 թվականի ամառային զորակոչի անցկացման գործընթացի թափանցիկության և օրինականության ապահովման, զորակոչի ընթացքում քաղաքացիների դիմումներում և բողոքներում բարձրացված հարցերի քննարկման և արագ լուծման նպատակով ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով ստեղծվել է հանձնաժողով։
• Հունիսի 18-ին Հայաստան է վերադարձել Կոսովոյում խաղաղապահ առաքելություն իրականացնող հայկական զորախումբը։ Ամերիկյան զինված ուժերի ենթակայության ներքո 37 հոգուց բաղկացած հայկական ստորաբաժանումը Կոսովոյի «Բոնդսթիլ» ռազմաբազայում շուրջ կես տարի իրականացրել է պարեկային ծառայություն:
• Հունիսի 25-ին ՀՀ ՊՆ Սեյրան Օհանյանը ՆԱՏՕ-ի ղեկավարած «Վճռական Աջակցություն» (Աֆղանստանում) առաքելությանը մասնակցող երկրների պաշտպանության նախարարների հանդիպմանը վերահաստատել է մինչև առաքելության ավարտը 131 հոգանոց զորախմբի սահմաններում Աֆղանստանում ռազմակայանների անվտանգության ապահովում իրականացնող հայկական զորախմբի մասնակցության վերաբերյալ Հայաստանի հանձնառությունը:
• ՀՀ պաշտպանության նախարարությունը ներկայացրել է ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական և մարշալ Արմենակ Խանփերյանցի անվան ռազմական ավիացիոն ինստիտուտների, ինչպես նաև օտարերկրյա պետությությունների ռազմաուսումնական հաստատությունների 2015-2016 ուսումնական տարվա ընդունելության ժամկետները և այլ մանրամասներ:
• ՀՀ զինված ուժերի թիկունքի կազմավորման 23-րդ տարեդարձի առթիվ ՀՀ ՊՆ Սեյրան Օհանյանի հունիսի 23-ի հրամանով ՀՀ ԶՈւ թիկունքային ծառայության մի շարք զինծառայողներ պարգևատրվել են գերատեսչական մեդալներով, պատվոգրերով և շնորհակալագրերով:
• Հունիսի 23-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում կայացել է գերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով զբաղվող հանձնաժողովի նիստ, որը նվիրված է եղել 2015 թվականի առաջին կիսամյակում կատարված աշխատանքների քննարկմանը։
• Հունիսի 21-ին լրացել է ՀՀ ոստիկանության զորքերի կազմավորման 23-րդ տարին, ինչի կապակցությամբ հունիսի 22-ին սպառազինության և տեխնիկայի ցուցադրություն է կազմակերպվել ոստիկանության զորքերի շտաբին հարակից տարածքում։
• Հունիսի 23-ից 25-ը Երևանում քննարկվել են ռուսաստանյան 102-րդ ռազմաբազային անշարժ գույքի, մասնավորապես՝ Գյումրիի Լալայան փողոցի ռուսական եկեղեցու և դրան կից տարածքի, տրամադրման հարցեր:
Ռազմաշաբաթը նաև՝
One response to “Ռազմաշաբաթ․ Հայաստան․ 21-27 հունիսի, 2015”