Հունիսի 18-ին ԱՄՆ ռազմաօդային ուժերի ինքնաթիռով Հայաստան է վերադարձել Կոսովոյում խաղաղապահ առաքելություն իրականացնող հայկական զորախումբը։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ ՊՆ «Զինուժ» հեռուստածրագրի՝ հունիսի 21-ի թողարկումը։
Ամերիկյան զինված ուժերի ենթակայության ներքո 37 հոգուց բաղկացած հայկական ստորաբաժանումը Կոսովոյի «Բոնդսթիլ» ռազմաբազայում (Camp Bondsteel) շուրջ կես տարի իրականացրել է պարեկային ծառայություն, ապահովել անցակետերի անվտանգությունը, պատասանատու եղել զանգվածային անկարգությունների, ամբոխների կառավարման ու պահակախմբերի ուղեկցման համար։
Զորախմբի հրամանատար, մայոր Դավիթ Աղաբեկյանի խոսքով՝ ամերիկյան զորախումբը մեր զորախմբին գնահատել է բարձր գնաատականով։
Կոսովոյում հայկական զորախումբը խաղաղապահ առաքելություն է իրականացնում ՆԱՏՕ-ի «Կոսովոյի ուժեր» (KFOR, Kosovo Force) առաքելության շրջանակներում։ Առաքելության նպատակն է Կոսովոյում ապահովել կայունություն և անվտանգություն։
Այս և մյուս խաղաղապահ (խաղաղարար) առաքելություններին Հայաստանի զինված ուժերի ստորաբաժանումների մասնակցության նպատակն է ավելացնել ՀՀ ԶՈւ ստորաբաժանումների փորձառությունը:
Հայաստանը խաղաղապահ առաքելություններին միացել է 2001-ին, իսկ անմիջական մասնակցություն ունի 2004 թվականից: Մինչ օրս հայ խաղաղապահները մասնակցել են չորս առաքելությունների` 2004-ից Կոսովոյում, 2005-ից՝ Իրաքում, 2010-ից Աֆղանստանում, 2014-ի նոյեմբերից՝ Լիբանանում:
2015թ. մայիսի դրությամբ՝ Կոսովոյից բացի, ՀՀ ԶՈւ 130 զինծառայող կա Աֆղանստանում, 32 զինծառայող` Լիբանանում, 35՝ Իրաքում: