Պակիստանն ու Թուրքիան ստորագրել են ՌՕՈւ մասնագետների վերապատրաստման համաձայնագիր

Պակիստանի և Թուրքիայի ռազմաօդային ուժերի հրամանատարները հունիսի 16-ին Թուրքիայի Իզմիր քաղաքում տեղակայված «ՌՕՈւ մասնագետների վերապատրաստման միջազգային կենտրոնի» (MMFCT-С) բացման արարողության ժամանակ ստորագրել են ռազմաօդային ուժերի մասնագետների փոխանակման համաձայնագիր։ Այս մասին հայտնում է Պակիստանի ԶՈւ ՌՕՈւ մամուլի ծառայությունը։

ԱՄՆ ՌՕՈւ F-15C և Պակիստանի ՌՕՈւ F-16 կործանիչները Թուրքիայում անցկացված «Անատոլիայի արծիվ-2015/1» զորավարժությանը

ԱՄՆ ՌՕՈւ F-15C և Պակիստանի ՌՕՈւ F-16 կործանիչները Թուրքիայում անցկացված «Անատոլիայի արծիվ-2015/1» զորավարժությանը

Համաձայնագրով նախատեսվում է վերապատրատման համար տարեկան փոխանակել ռազմաօդային ուժերի 2-ական մասնագետ, այդ թվում՝ օդաչու, ինժեներ, մեխանիկ։ Համաձայնագիրը ստորագրել են Պակիստանի ԶՈւ ռազմաօդային ուժերի հրամանատար, ավիացիայի գլխավոր մարշալ Սոհաիլ Ամանը և Թուրքիայի ԶՈւ ՌՕՈւ հրամանատար, բանակի գեներալ Աքըն Օզթյուրքը։

Հավելենք նաև, որ Թուրքիայի Իզմիր քաղաքում տեղակայված ԶՈւ ռազմաօդային ուժերի 2-րդ ավիաբազայում հիմնադրված կենտրոնը նախատեսված է Թուրքիայի գործընկեր երկրների ՌՕՈւ մասնագետների վերապատրաաստման համար։

Բացի այդ, Թուրքիայի ԶՈւ ՌՕՈւ հրամանատարն ընդգծել է, որ նախատեսվում է նորաստեղծ վերապատրաստման կենտրոնում դասընթացներ անցկացնել ԱՄՆ, Ադրբեջանի, Բանգլադեշի, Թուրքմենստանի, Հարավային Կորեայի, Պակիստանի և Հարավաֆրիկյան Հանրապետության ռազմաօդային ուժերի մասնագետների համար։

Նշվում է, որ համաձայնագրի հիմնական նպատակը երկու երկրների զինված ուժերի կործանիչների օդաչուների վերապատրաստումը և ՆԱՏՕ-ի չափանիշներին համապատասխանեցումն է։ Ներկայումս Պակիստանի Զու ՌՕՈւ 2 օդաչու արդեն իսկ վերապատրաստում է անցնում կենտրոնում։

Հավելենք, որ Պակիստանի ռազմաօդային ուժերի հրամանատարը Թուրքիա կատարած այցի ժամանակ նաև հետևել է Թուրքիայի  Քոնիա քաղաքում տեղակայված  ԶՈւ ռազմաօդային ուժերի 3-րդ ավիաբազայում հունիսի 8-ից 19-ը շարունակված ՌՕՈւ միջազգային խոշոր զորավարժության ընթացքին, որին մասնակցել են Թուրքիայի, ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի, Իսպանիայի, Պակիստանի ռազմաօդային ուժերի, ինչպես նաև Թուրքիայի ցամաքային և ռազմածովային ուժերի ստորաբաժանումները։

One response to “Պակիստանն ու Թուրքիան ստորագրել են ՌՕՈւ մասնագետների վերապատրաստման համաձայնագիր

  1. Pingback: Թուրքիայում սկսել է գործել ռազմական օդաչուների վերապատրաստման միջազգային կենտրոնը | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *